Լրամշակվել են ուսուցչի տարակարգի շնորհման պահանջները․ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել

ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ կառավարության որոշմամբ սահմանվել են ուսուցչի տարակարգի շնորհման, հանրապետական հանձնաժողովի ձևավորման և հավելավճարի տրամադրման պահանջները՝ նոր խմբագրմամբ: Լրամշակված կարգում, մասնավորապես, փոփոխություններ են կատարվել պահանջվող փաստաթղթերի ցանկում՝ դրանք փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական ստանդարտների հետ:
Նախատեսվում է, որ էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո ուսուցիչները տարակարգի հայտերը կներկայացնեն դպրոցների կառավարման տեղեկատվական /ԴԿՏ- համակարգի միջոցով՝ առցանց:
Ըստ այդմ՝ ուսուցիչը կարող է ստանալ առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ աստիճանի տարակարգ երկու եղանակով՝ ինքնաշխատ կամ սեփական նախաձեռնությամբ։ Տարակարգի համար ուսուցիչը ներկայացնում է դիմում՝ ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Առաջին և երկրորդ աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ է ներկայացնել՝
դասավանդած առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ, իսկ տվյալ առարկայի ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթության բացակայության դեպքում՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ՝ դիպլոմ, դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 60 % արդյունքի հավաստում,
ԴԿՏ համակարգում տվյալ ուսումնական տարում ուսուցչի կողմից դասավանդվող առարկայի (առարկաների) թեմատիկ պլանը, տարակարգ ստանալու դիմումի ներկայացմանը նախորդող ամսվա ընթացքում 15 դասի ամբողջական պլանը՝ կազմված ուսուցչի կողմից,
տարակարգ ստանալու դիմումի ներկայացմանը նախորդող վեց ամսվա ընթացքում ուսուցչի մոտ կատարված դասալսումների 5 արձանագրություն,
ուսուցչի դասավանդած դասարաններում գնահատման համապատասխանության մասին հաստատության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները (էլեկտրոնային մատյանի լրացման, թեմատիկ գրավոր աշխատանքների տարբերակների համապատասխանության, ուսումնական նախագծերի՝ տվյալ թեմային համապատասխանության, սովորողի բնութագրերի մասին),
դիմող ուսուցչի կողմից կազմված ամփոփիչ աշխատանքների (7-12 դասարաններ), ուսումնական նախագծերի (7-12 դասարաններ), սովորողի բնութագրերի (1-4 դասարաններ) մեկական նմուշ:
Երրորդ և չորրորդ աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ է ներկայացնել նաև մասնագիտական զարգացման ուղղությամբ դիմող ուսուցչի կողմից իրականացվող վերապատրաստումների վկայականներ, գիտական կամ մանկավարժական հոդվածներ, գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքի հավաստում (առնվազն 70 % արդյունքի հավաստում՝ 3-րդ աստիճանի համար, 80 % արդյունքի հավաստում՝ 4-րդ աստիճանի համար):
Ուսուցչին տարակարգը շնորհվում է 5 տարի ժամկետով՝ սահմանելով ամսական հավելավճար՝ ըստ ներքոնշյալ սանդղակի՝
առաջին աստիճանի տարակարգի համար` 10 %
երկրորդ աստիճանի տարակարգի համար` 20 %
երրորդ աստիճանի տարակարգի համար` 30 %
չորրորդ աստիճանի տարակարգի համար` 50 %
Սահմանված ամսական հավելավճարը հաշվարկվում է տվյալ հաստատությունում սահմանված ուսուցչական դրույքաչափի (կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դեպքում՝ բարձրացված դրույքաչափի) ծանրաբեռնվածության հաշվարկով։ Տարակարգի հավելավճարը չի ներառում դասղեկության, մեթոդական միավորման ղեկավարի, բարձրլեռնային բնակավայրում տեղակայված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատողների համար նախատեսված լրավճարները, ինչպես նաև ուսուցիչներին տրվող այլ լրավճարներն ու հավելավճարները։
Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչների տարակարգի հավելավճարը տրամադրվում է պետական բյուջեից համապատասխան հաստատությանը տրամադրված ֆինանսավորման հաշվին։ Ոչ պետական ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչը կարող է դիմել տարակարգի՝ հիմնադրի գրավոր համաձայնությամբ: Այս դեպքում տարակարգ ստացած ուսուցչին ամսական հավելավճարը տրվում է հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։