Որքանո՞վ կազդի ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծումը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման վրա

Որքանո՞վ կազդի ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծումը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ մի տեսակ «ախպերացել է» Վլադիմիր Պուտինի հետ, այսօր հայտարարել է, որ մտադիր է վաղը հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահի հետ՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու հարցերը։ Նրա խոսքով՝ իրենք շատ մոտ են խաղաղություն հաստատելուն, ինչի համար անձամբ Թրամփը մեծ ջանքեր է գործադրում։ 

Քաղաքագետ, ամերիկյան հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը MediaHub-ի հետ զրույցում մեր հարցին, թե կհաջողվի՞ Թրամփին ու Պուտինին՝ վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին, ասաց․ «Համենայնդեպս, այն գործընթացը, որ սկսվել է ԱՄՆ նախաձեռնությամբ և Թրամփի՝ իշխանության գալուց անմիջապես հետո, հույս է ներշնչում, որ այս կոնֆլիկտի վերջը երևում է։ Իհարկե, դա շատ բարդ պրոցես է, և այն, որ Թրամփն ասում էր, թե գալու էր և մեկ օրում հարցը լուծելու էր, իհարկե, դա էդպես չէր կարող լինել, քանի որ խնդիրները շատ են, շահագրգիռ կողմերը շատ են, և ամեն պետություն ունի իր շահերը այս հարցի շուրջ։ Բայց այն փաստը, որ Թրամփը և Պուտինն ուղիղ կոնտակտի մեջ են և ուզում են այս հարցը համատեղ ջանքերով լուծել, սա, իհարկե, լավատեսական սցենարի հույսեր է ներշնչում։ Բայց նաև պետք է հասկանանք, որ Թրամփի վրա ճնշում կա ոչ միայն ԵՄ անդամ կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, այլև ներքաղաքական ճնշում կա նրա վրա»։

-Այդ ճնշումն ինչո՞վ է պայմանավորված։ Եվրամիությունը չի՞ ցանկանում, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկը, ի վերջո, հանգուցալուծվի, թե՞ ձգձգումն իրենց շահերից է բխում, կամ գուցե հույս ունեն, որ հօգուտ Ուկրաինայի կավարտվի։

-Երեք մեկնաբանություն արեցիք, և երեքն էլ, իրականում, կան։ Պետություններ կան, որոնք կարծում են, որ Ուկրաինան պետք է շարունակի պայքարը, որովհետև կարծում են, որ Ուկրաինայի դիրքերը դեռևս լավ են, և ուկրաինական բանակը դեռ ունակ է իր առջև դրված խնդիրները լուծել, կան պետություններ, որոնք կարծում են, որ այդ խնդիրը հնարավորինս արագ պետք է լուծվի, որովհետև ամեն ինչ գնում է շատ վատ սցենարով Ուկրաինայի համար, և, բնականաբար, կան պետություններ, որոնք կարծում են, որ, այո, պետք է պատերազմն ավարտվի, և խնդիրները պետք է փորձեն բանակցությունների միջոցով լուծել, որովհետև այն իրավիճակը, որ այսօր կա, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում չի եղել, և բոլորի համար սա մտահոգիչ է։

-Եթե ամեն ինչ ընթանա Թրամփ-Պուտին բանակցությունների սցենարով, ի՞նչ եք կարծում, Ուկրաինան որևէ բան կստանա՞ դրանից, այսինքն՝ Ռուսաստանը որևէ բան կզիջի՞ Ուկրաինային, թե՞ Ուկրաինայի միակ շահածն այն կլինի, որ կկանգնեցվի պատերազմն ու այլևս նոր զոհեր ու տարածքային նոր կորուստներ չի ունենա։ 

-Անկեղծ ասած՝ այս պահի դրությամբ ես Ռուսաստանի կողմից  զիջումների մասին չեմ կարող խոսել, որովհետև չեմ տեսնում շատ կոնկրետ զիջումներ, որ Ռուսաստանն անում է։ Միգուցե Թրամփի հետ պայմանավորվածությունների արդյունքում Ռուսաստանը որոշ գործողություններից զերծ մնա․ հիշում եք, որ Թրամփը Պուտինի հետ խոսել էր և խնդրել էր, որ ավելի մեղմ վերաբերվեն այն ուկրաինացի զինվորականներին, որոնք Կուրսկում են գտնվում։ Ես կարծում եմ, որ էստեղ, այդուհանդերձ, միգուցե ռուսական կողմն ինչ-որ զիջումների գնա, բայց ոչ թե Ուկրաինայի, այլ Թրամփի խնդրանքին ընդառաջ գնալով կամ օդում չթողնելով Թրամփի խնդրանքը։ 

-Եթե այս ամենը պրոյեկտենք հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման գործըթնացիր վրա, ի՞նչ եք կարծում, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծումը որևէ կերպ կանդրադառնա՞ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա։

-Իհարկե, կապ ունեն էս պրոցեսները, որովհետև ցանկացած տարածաշրջանային զարգացում, ցանկացած տարածաշրջանային կոնֆլիկտ, այդուհանդերձ, ինչ-որ ձևով այդ ընդհանուր գլոբալ լարվածությունը՝ ռուս-ամերիկյան, իր վրա զգում էր, և այդ կոնֆլիկտներում, բնականաբար, երկու կողմերն էլ իրենց հետաքրքրություններն ունեին։ Ընդհանրապես, եթե պատմությանը նայենք, կտեսնենք, որ երբ ռուսներն ու ամերիկացիները կարողանում են ընդհանուր եզրեր գտնել, դա աշխարհի տարբեր տարածաշրջաններում լարվածության որոշակի թուլացման բերում է։ Պատմական այդպիսի փորձ կա, որովհետև, եթե նայում ես, գլոբալ գերտերությունների պրոբլեմները մշտապես իրենց արձագանքը թողնում են ամբողջ  աշխարհի վրա։ Հիմա նույնն էլ, բնականաբար, մենք ենք, Հարավային Կովկասը էստեղ բացառություն չի եղել և չի էլ կարող լինել, և ես կարծում եմ, որ դրա ուղիղ կապը կա, մանավանդ, որ Ռուսաստանը Ուկրաինայում գործընթացների ավարտից հետո ունենալու է ազատ ռեսուրսներ, և խոսքը ռազմական ռեսուրսների մասին չէ, այլ բոլոր ռեսուրսների, այդ թվում՝ դիվանագիտական, ֆինանսական, որոնք ծառայեցնելու է արդեն նաև Հարավային Կովկասում իր ազդեցության տարածման կամ կորցրածը վերականգնելու վրա։

Վահե Մակարյան