Չեք կարող քվեարկությամբ չեղարկել հիշողությունը և հեռուստատեսությամբ լռեցնել արդարության ձայնը

Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը երեկ իր տաղավար էր հրավիրել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին՝ քննարկելու արցախցիների խնդիրները, վերջերս սկիզբ առած խաղաղ հանրահավաքներն ու արցախցիների հետագա գործողությունները։
Վերլուծաբան Գեորգի Իսրայելյանը հետևել է հարցազրույցին ու արձանագրել՝ Ղազարյանը, գիտակցելով ամբողջ ճշմարտությունը, ցուցաբերել է անտեղյակություն, արցախցիների հանդեպ բացահայտ անտարբերություն, առաջ քաշել իշխանության թեզերը։
«Ուզում եմ հիշեցնել, որ մարդը՝ նախքան քաղաքացի լինելը, մարդ է։ Որ մաշկի վրա գրանցված սահմանները չեն կարող ջնջել հոգու իրավունքը՝ ապրելու, խոսելու, հիշելու և պահանջելու։ Եվ երբ պետական ալիքի տաղավարից հարցազրուցավարը, կրելով ինստիտուցիոնալ ժպիտ, ասում է. «Ընդունեք քաղաքացիություն, որ կարողանաք պահանջել Հայաստանի Հանրապետությունից», ես պարտք եմ զգում այս հարթակից գոռալու՝ ոչ ճիչով, այլ գիտակցությամբ՝ ո՛չ։ Ո՛չ մի Սահմանադրություն, ո՛չ մի օրենք, ո՛չ մի ինստիտուտ չի կարող դարձնել մարդուն «ոչնչի քաղաքացի», երբ նա հիշում է իր տունը, պատմությունը, զոհված եղբորը, պապի գերեզմանը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ վերլուծաբանի՝ միջազգային իրավունքները հետմիջազգային ողբերգությունների ծնունդ են․ անհատի իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը (ՄԱԿ, 1948) պաշտպանում է յուրաքանչյուրին՝ անկախ քաղաքացիությունից։ Հռչակագրի 6-րդ հոդվածը հստակ ասում է. «Յուրաքանչյուր մարդ ունի իրավունք՝ ճանաչվել օրենքի առջև որպես անձ»։
«Այո՛, օրենքի առջև, ոչ թե «քաղաքացիության», այլ՝ անձ լինելու, մարդ լինելու անժամանցելի իրավունքը»,- ասաց մեր զրուցակիցը։
Պետրոս Ղազարյանը, որ քամահրանքով առաջարկում էր Գեղամ Ստեփանյանին՝ «ընդունեք ՀՀ քաղաքացիություն, որ պահանջեք», ըստ մեր զրուցակցի, առաջարկ էր հնչեցնում արցախցիներին՝ հրաժարվել իրենց ցավից, իրենց պատմությունից, անունից, որ արժանանան ՀՀ իշխանության ուշադրությանը։
«Ասում եք՝ «սովորեք լռել, մինչև մեր խաղաքարտերն իջեցնենք»։ Բայց մենք այստեղ ենք՝ հիշեցնելու. ցեղասպանությունից փրկվածները չունեին քաղաքացիություն, բայց ունեին ձայն։ Տեղահանվածները չունեն ունեցվածք, բայց ունեն հիշողություն։ Լքվածները չունեն փաստաթուղթ, բայց ունեն պահանջ։ Եվ դուք չեք կարող քվեարկությամբ չեղարկել հիշողությունը։ Չեք կարող հեռուստատեսությամբ լռեցնել արդարության ձայնը։ Չեք կարող քաղաքական պայմանով փոխարինել մարդկային պարտքը։ Որովհետև երբ մարդը կանգնում է պատմության առաջ, նրան չեն հարցնում՝ «քո անձնագիրը որտե՞ղ է»։ Նրան հարցնում են՝ «քո խիղճը որտե՞ղ է»,- շեշտեց նա։
Իսրայելյանն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը պատկանում է ոչ միայն իր քաղաքացիներին, այլ բոլոր նրանց, ովքեր վերապրել են նրա անունով, վերք են կրել նրա պատճառով, կանգնել են՝ նրա համար։ Ուստի, ոչ ոք իրավունք չունի մարդուն ասել՝ «լուռ մնա, դու քաղաքացի չես»։ Այն դեպքում, երբ արցախցիները Հայաստան են եկել հայկական կապույտ անձնագրերով, որտեղ ծննդավայր բաժնում նշված է՝ Հայաստանի Հանրապետություն։
«Պատմությունը հիշում է միմիայն նրանց, ովքեր պայքարել են՝ նախքան «քաղաքացի» կոչվելը։ Ու մենք այստեղ ենք ոչ թե քաղաքացիություն խնդրելու, այլ պահանջելու մի բան, որ չի տրվում քաղաքացիությամբ, այլ միայն ճշմարտությամբ. դա արդարությունն է։ Եվ այդ արդարությունը հնարավոր չէ ձգձգել՝ որևէ անձնագրի սպասելով։ Այն գրվում է արյամբ, պահպանվում՝ հիշողությամբ, և ապրում՝ ձայնով։ Այս ձայնը երբեք չի լռի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան