Այս ամենի պատասխանատուն Արցախի Հանրապետության նախագահն է

Այս ամենի պատասխանատուն Արցախի Հանրապետության նախագահն է

Ընդամենը երեք ամիս առաջ Արցախի Հանրապետության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ անձանց որոշակի խմբի կողմից որոշակի պայմանավորվածություններով արցախցու վզին փաթաթվեց փրկչական կերպարով ներկայացած մի ծրագիր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը:

"Թեև անունը ծրագիր էր, բայց ոչ բեմագիր ուներ, ոչ պլան, ոչ հեղինակներ, ոչ հովանավորներ: Բայց դե թե ինչեր էին պատմում, էլ Վլադիմիր Պուտին, էլ Քիմ Քարդաշյան, Էլ Անգլիայի թագուհի, էլ Ջո Բայդեն...: Խեղճ արցախցին ցնծությունից խելագարության էր հասել:

Իսկ հիմա ավելի լուրջ. ընդամենը երեք ամսում Արցախը կորցրել է ֆինանսական, տնտեսական (մնացյալները չեմ կարողանում բարձրաձայնել) ողջ դիմադրողականությունը, ներքին լարվածությունը և թշնամանքը հատում է բոլոր թույլատրելի սահմանները: Յուրաքանչյուր օրը էլ ավելի է խորացնում ճգնաժամը, ներիշխանական խաղերը ամբողջությամբ արժեզրկում են այն ամենը, ինչը համառ արցախցիների ջանքերով վերականգնվել ու պահպանվել է հետպատերազմյա երկու տարում:

Այս ամենի պատասխանատուն Արցախի Հանրապետության նախագահն է, ով պարտավոր է գործել սթափ ու առանց զգացմունքայնությանը տրվելու. մի բազմապատկեք ձեր պատասխանատվության ծավալը, այն քիչ չէ, բարձր գտնվեք ներանձնային շփումներից ու կախվածություններից և դադարեցրեք Արցախը կործանման տանող այս ընթացքը",- գրել է նախկին նախարարը:

Նշենք, որ նախօրեին Հայրիյանը քննադատել էր Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանին: