Փլուզման որևէ դեպք չի գրանցվել, ճաքեր կան համայնքային, պետական շինություններում․ Գեղարքունիքի մարզպետ

Այսօր գիշերը Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով մարզի մի շարք համայնքներում տներ են վնասվել։
Երանոսի համայնքապետն, օրինակ, արդեն խոսել է իրենց Երանոսում որոշ տների վնասվելու մասին։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էլ MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի համայնքներում տների վրա ու նաև համայնքային, պետական շինություններում ճաքեր են ի հայտ եկել, այս պահի դրությամբ ուսումնասիրություն է իրականացվում։
Տեղեկություն կար, մասնավորապես՝ Երանոսի համայնքապետ Սաշա Բավեյանն էր լրատվամիջոցներին ասել, որ կան հին տներ, որոնք փլվել են։ Մարզպետը, սակայն, ասաց, որ նման բան չկա․
«Փլուզման որևէ դեպք չի գրանցվել, ես չգիտեմ՝ Ձեզ որտեղից նման տեղեկատվություն»։
Նրա խոսքով՝ միայն մասնակի ճաքեր են, որոնք այս պահին ուսումնասիրվում են, եթե կարիք լինի՝ նաև գործիքային ուսումնասիրություն կիրականացվի։ Այդ վնասներն էլ գրանցվել են Գեղարքունիքի մարզի Երանոս և Վարդաձոր համայնքներում, այլ համայնքներում էլ տեղ-տեղ՝ որոշ տներում ճաքեր նկատվել են։
«Համայնքային կառույցներում կան ճաքեր ու նաև դպրոցներում։ Այս պահին դեռ ուսումնասիրության փուլում են, ավարտից հետո նոր համապատասխան մասնագետները գնահատական կտան, տուժածներ չկան»,- եզրափակեց Գեղարքունիքի մարզպետը։
Վահե Մակարյան