Ալեն Սիմոնյանի հարցազրույցը լայքել են «Արթուր լվացքի մեքենաների վերանորոգումը», ԱԺ-ից 3 հոգի ու մի քանի անհայտ դեմք

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հավանաբար շեղելու համար հանրության ուշադրությունը իր հերթական սկանդալային միջադեպից և ցույց տալու, որ ինքը բնավ էլ խուլիգանական վարքով աչքի ընկնող պաշտոնյա չէ, ընտրել էր մի լրատվամիջոց և գնացել հարցազրույցի: Խոսքը «Ռադիո Ավրորայի» մասին է, որի ուղիղ եթերում հաղորդավարը մեծ ոգևորությամբ հայտարարեց, որ իրենց հյուր է եկել երկրի երկրորդ դեմքը՝ ըստ լիազորությունների, և նա որևէ հարց իր հետ չի համաձայնեցրել, սահմանափակում չի դրել՝ այս հարցը տալ, այս հարցը չտալ։ Այդ հարցազրույցը հետո Ալեն Սիմոնյանը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում՝ թերևս ակնկալելով ֆեյսբուքյան իր ընկերների, թիմակիցների և երկրպագուների լայքերը, սրտիկներն ու գովաբանող մեկնաբանությունները։
MediaHub-ի ուշադրությունը գրավեց այն, որ ԱԺ նախագահի տեղադրած հարցազրույցը շատ քիչ մարդ է «հավանել»՝ ընդամենը 84 ռեակցիա կար նյութը գրելու պահին, որից մեկը՝ «ջղային» սմայլիկ էր, 4 օգտատեր հեռակա «գրկում է» Ալեն Սիմոնյանին, 51 օգտատեր «լայքում», ընդամենը 28 օգտատեր էլ՝ «սրտիկում»։
Եւ սա՝ երկրի երկրորդ դեմքի դրած հարցազրույցին, այն երկրորդ դեմքի, որը օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անթաքույց քմծիծաղ էր տալիս իր թիմակից Անդրանիկ Քոչարյանի վարկանիշի հավանական բարձրացման վերաբերյալ հարցին։ Ալեն Սիմոնյանը կարծում է, թե իր վարկանիշը շատ բարձր է, ինքը կարող է անգամ առանց թիկնապահների ազատ շրջել քաղաքում, և այդ տպավորությունը թողնելու համար ֆեյսբուքում պարբերաբար ինչ-որ հանդիպումներից նկարներ է տեղադրում՝ ցույց տալու, թե իբր մարդիկ իրեն սիրում և ընդունում են, ինքն էլ իբր բարձր վարկանիշ ունի հանրության շրջանում։
Բայց Ալեն Սիմոնյանը բարձր վարկանիշ չունի անգամ իր թիմակիցների շրջանում, քանզի նրանից թիմի ներսում իսկապես զզվողները շատ են։ Այդ է վկայում նաև այն, որ «Ռադիո Ավրորային» տված հարցազրույցը իր էջում տեղադրելուց երկու օր անց որևէ ՔՊ-ական պատգամավոր այն չի հավանել՝ գոնե մեր կողմից նյութը պատրաստելու պահին:
Սիմոնյանի հարցազրույցին «լայք» են դրել իր թիմակից համարվողներից ընդամենը երկու հոգի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը և ԱԺ նախագահի նորանշանակ մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
Որոշ ժամանակ անց նկատեցինք, որ լայքողների քանակը մի փոքր ավելացել է, նրանց թվում է նաև ԱԺ աշխատակազմից Ալեն Սիմոնյանի օգնական Համոն։
Մնացածները անհայտ դեմքեր ու անկապ էջեր են, օրինակ՝ Սիմոնյանի հարցազրույցը հավանել է «Արթուր լվացքի մեքենաների վերանորոգում» անունով օգտատերը, սրտիկել՝ «Լուսաբացներդ Բարի ՀԱՅՈՑ աշխարհ» անունով էջը, մի քանի ակնհայտ ֆեյք էջեր և ընդամենը մի երկու տասնյակ իրական դեմք, որոնց մեջ որևէ հայտնի ՔՊ-ական չգտանք։ Սա ևս մեկ ցուցիչ է, թե որքան «բարձր» վարկանիշ ունի թքելով ու հայհոյելով աչքի ընկած Ալեն Սիմոնյանը իր թիմում և հանրության շրջանում։
Վահե Մակարյան