Նախընտրական շրջան է, ով ինչ լսել է «տելեվիզրով», փորձում է ասել․ Հարությունյանը՝ Ավինյանի հայտարարության մասին

Նախընտրական շրջան է, ով ինչ լսել է «տելեվիզրով», փորձում է ասել․ Հարությունյանը՝ Ավինյանի հայտարարության մասին

Ունենք մունիցիպալ ոստիկանության ստեղծման հայեցակարգ՝ ի շարունակություն պարեկային ծառայության բարեփոխումների. Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում այսօր հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր միջազգային գործընկերների հետ էլ քննարկումներ ունենք», - ասաց Ավինյանը։

Արդյո՞ք այժմ ժամանակն է մունիցիպալ ոստիկանության ստեղծման․ թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցեց ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Մարկոս Հարությունյանի հետ։

«Եթե մեր երկիրը քիչ խնդիրներ ունենար, հնարավոր է մունիցիպալ ոստիկանության ստեղծումն արդարացված լիներ։ Բայց արդեն իսկ ունենք Ներքին գործերի նախարարություն, և այն ավելի արդյունավետ կարող է աշխատել նաև քաղաքային խնդիրները լուծելու համար։ Երևանն այս պահին չունի նման բյուջե, որ իրեն թույլ տա մունիցիպալ ոստիկանություն ստեղծել։ Իսկ եթե գումար կա, ծախսելու տեղը չգիտեն, ապա ավագանու նիստի ժամանակ ես կներկայացնեմ, թե որտեղ կարելի է ծախսել այդ գումարները»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ սա բարեփոխում համարել չի կարելի։

«Ո՞նց կարող է ժողովուրդը ողջունել, որ ինչքան կարելի է շատ ոստիկան լցնեն էս երկիրը։ Սա կարող է ռեֆորմ լինել իրենց իշխանությունը պահելու համար, բայց ոչ մի քաղաքացի էլ չի ողջունի, որ ոստիկանները շատանան էս երկրում։ Ու ոստիկանների թիվն ավելացնելով չեն կարող մարդկանց ստիպել օրենքը պահել։ Եթե իրենց թվում է՝ ոստիկաններին ավելացնելով պակասեցնելու են օրինախախտների թիվը, սխալվում են։ Այսօր ինչ օրենք կա Երևան քաղաքի հետ կապված, էնքան բաց ունի, որ մարդը ոնց ուզի, կմեկնաբանի էդ օրենքը։ Դրա համար էլ մարդիկ ինքնագործունեությամբ են զբաղվում»,- նկատեց նա։

Մարկոս Հարությունյանի դիտարկմամբ՝ ինքը դեմ չի լինի, եթե, օրինակ, այդ ոստիկանները տեղակայվեն այգիներում՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար, բայց եթե այդ ոստիկանները պետք է օգտագործվեն որպես մահակ, օրինակ, շինարարներին վերահսկելու համար, ապա ինքը դեմ է արտահայտվելու։

«Կարճ ասած՝ նախընտրական շրջան է, ով ինչ լավ բան լսել է «տելեվիզրով», փորձում է ասել։ Բայց անգամ էդ ասածը չեն անի, հինգ տարի է լսում ենք մենակ, ի՞նչ են արել»,- նշեց նա։

Ըստ ավագանու անդամի՝ այգիներ են ստեղծում, բացումն անում են, հետո այդ այգիները վերածվում են «արոտավայրերի», խնամող չի լինում։

«Կամ քաղաքն աղբի մեջ կորած է, դրանով էլ զբաղվող չկա։ Գումարները գուցե այդ ուղղությամբ օգտագործեն»,- կարծիք հայտնեց Մարկոս Հարությունյանը։

Նարե Գնունի