Կայացած երկրներում դպրոցն ավարտելուց հետո բանակ զորակոչվո՞ւմ են․ Աղազարյանը՝ Դումանյանին

Խորհրդարանը քննարկում է մինչև 2030 կրթության ոլորտի բարեփոխումների ծրագիրը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց, թե այդ ծրագրով ի՞նչ է նախատեսվում։ Նա, նախ, խնդրեց իրեն տեղեկացնել, թե 2011 թվականին ընդունված բարեփոխումների ծրագիրը մինչև որ թվականն է գործելու, ապա հետաքրքրվեց, թե ուսումնասիրվե՞լ է միջազգային փորձը, արդյո՞ք ԿԳՄՍ նախարարը տեղյակ է՝ կայացած երկրներում դպրոցն ավարտելուց հետո բանակ զորակոչվո՞ւմ են տղաները։
«Կներեք անտեղյակությանս, բայց դա ինձ հետաքրքիր է։ Բացի այդ, դուք, որպես նախարար, կարո՞ղ եք հաստատակամորեն ասել, որ 2030-ին մենք կունենանք մեկ շրջանավարտ, որը բուհ կընդունվի առանց կրկնուսույցի հետ պարապելու»,- հարցրեց նա։

Ի պատասխան՝ Դումանյանն ասաց, որ մենք այսօր էլ ունենք ուսանողներ, որ առանց կրկնուսույցի հետ պարապելու բուհ են ընդունվում։

«Օրինակ, մի խումբ ուսանողներ, որ անուն-ազգանունով կարող եմ ասել, որ ընդունվել են։ Նրանք միջազգային օլիմպիադաներում մեդալ ստացած մեր աշակերտներն են։ Թյուր կարծիք է, որ աշակերտները պետք է վարժեցվեն, նոր ընդունվեն»,- ասաց նա։

Դումանյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե արդյո՞ք այլ երկրներում զորակոչվում են տղաները բանակ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո։