Մեծ Հայրենականն ու հայազգի հերոսները․ նրանցից քանի՞սն է ողջ

Մեծ Հայրենականն ու հայազգի հերոսները․ նրանցից քանի՞սն է ողջ

81 տարի առաջ հենց այս օրը՝ հունիսի 22-ի լուսաբացին, գերմանաֆաշիստական զորքերը, խախտելով 1939 թվականին կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը, ներխուժեցին Խորհրդային Միության սահմանները, և սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։

Չորս տարի տևած պատերազմին մասնակցել է 600 000 հազար հայ, որոնցից 314 հազարը զոհվել, կամ անհայտ կորել է: Մասնակիցներից 300 հազարը Խորհրդային Հայաստանից է զորակոչվել, 200 հազարը` ԽՍՀՄ մյուս հանրապետություններից, 100 հազարն էլ սփյուռքից։

Ըստ տարբեր աղբյուրների՝ ԽՍՀՄ-ից պատերազմ է զորակոչվել 440 000 հայ, որից՝ 250 000-ը՝ Հայաստանից, այն դեպքում, երբ 1939 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հայաստանն այդ ժամանակ ուներ 1 միլիոն 300 հազար բնակիչ:

Նշենք, որ պատերազմի ժամանակ հայերն ունեցել են Փառքի բոլոր 3 աստիճանի 27 ասպետ (հավասարեցված է հերոսներին), 65 գեներալ, իսկ պատերազմից հետո գեներալների թիվը անցել է 150-ը:

Պատերազմի ժամանակ ռազմական գործողություններին մասնակցելու և օպերացիաներ գլխավորելու համար բարձրագույն զինվորական՝ մարշալի կոչման է արժանացել 5 հայորդի: Նրանք են Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ով պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը, Համազասպ Բաբաջանյան՝ Զրահատանկային զորքերի մարշալ, Հովհաննես Իսակովը՝ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, Արմենակ Խամփերյանցը (Սերգեյ Խուդյակով)՝ ավիացիայի մարշալ և Սերգեյ Ագանովը (Ագանյան)՝ Ինժեներական զորքերի մարշալ։

Պատերազմի ընթացքում նրանք գրավել են բարձր պաշտոններ և ակտիվորեն մասնակցել խոշոր ռազմական գործողություններին։ Ի դեպ, հայազգի 4 մարշալներից 3-ը, ինչպես նաև ծովակալը, դարձյալ ծագումով արցախցի են: Պատերազմի տարիներին ազգությամբ հայ էին նաև բանակի 3, կորպուսի 6, դիվիզիայի 28, բրիգադի ու գնդի 100 հրամանատար:

Հատկանշական է, որ Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում գործել կամ ձևավորվել են մի քանի ազգային դիվիզիաներ. 261-րդ, 390-րդ, 408-րդ, 409-րդ Հայկական հրաձգային դիվիզիաները, 76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիան: Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ է մեկնել 390-րդ դիվիզիան, որը Ղրիմի Կերչի թերակղզում գրեթե ամբողջությամբ ջախջախվել է, իսկ նաև նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը՝ զոհվել։

409-րդ դիվիզիայի մարտական ուղին սկսվել է Հյուսիսային Կովկասի Մոզդոկի շրջանից և ավարտվեց Ավստրիայում ու Չեխոսլովակիայում։ Իսկ 89-րդ «Թամանյան» դիվիզիան պատերազմի ժամանակ անցնել է 3700 կիլոմետր, Հյուսիսային Կովկասից դիվիզիայի սկսած ուղին ավարտվել է Բեռլինում և փաստորեն դարձել Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան, որը «Ռայխստագի» պատերի տակ պարեց հայկական «Քոչարի»: Դիվիզիայի հրամանատարն էր գեներալ Նվեր Սաֆարյանը։

Ըստ պատմաբանների՝ այդ պատերազմում մեր ակտիվ մասնակցությունն ինչ-որ տեղ նաև ինքնության դրսևորում էր, որովհետև դրանից ոչ շատ առաջ տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանությունը։

Նշենք, որ այս պահին ՀՀ-ում Հայրենական պատերազմին մասնակցելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատվո վճար են ստանում 92 քաղաքացիներ, որոնցից մի քանիսը (թիվը հստակ չէ) Մեծ Հայրենականի մասնակցին հավասարեցված անձինք են։