Լաչինում ադրբեջանցիներն անցակետ չեն տեղադրի․ արցախցիները հանդիպել են Վոլկովին

Լաչինում ադրբեջանցիներն անցակետ չեն տեղադրի․ արցախցիները հանդիպել են Վոլկովին

Արցախի ԱԺ հինգ խմբակցությունների ղեկավարներն այսօր հանդիպել են ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Նա նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Արցախի նկատմամբ թշնամու սադրանքները, այնպես էլ հայտարարությունը, թե Լաչինի միջանցքում թշնամին անցակետ է տեղակայելու։

«Անցակետ, միանշանակ, չի տեղակայվելու»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ այդ մասին անձամբ Վոլկովն է ասել։

Գալստյանն ասաց, որ իրենք հարց են բարձրացրել՝ նշելով, որ այդ հայտարարությունը մտահոգում է արցախահայությանը, և դրանից հետո արձագանք է եղել, որ այդ՝ ռենտգեն սարքերի տեղադրման հարցը պարզապես քննարկվել է, ի սկզբանե որևէ որոշում չի եղել այդ մասով։

«Մենք ներկայացրել ենք մեր մտահոգությունները։ Ադրբեջանական կողմը նշել է, թե Լաչինով չթույլատրված ապրանք ենք տեղափոխում։ Մենք էլ այս հանդիպման ընթացքում առաջարկեցինք, որ ստուգումն այլ տարբերակով անցկացվի»,- նշեց Գալստյանը։

Հարցին, թե արդյո՞ք Վոլկովին հարց տրվել է շրջանառվող տեսանյութի մասով, Գալստյանը պատասխանեց, որ ռուս խաղաղապահ զորքի հրամանատարը նշել է՝ իր խոսքը մոնտաժված է եղել, կոնտեքստից կտրված։

Ինչ վերաբերում է Արցախի նկատմամբ թշնամու սադրանքներին, ապա Գալստյանը նշեց՝ ռուսական կողմը շատ լավ հասկանում է, որ այդ ամենն արվում է խաղաղապահ առաքելությանը վարկաբեկելու համար։

«Բոլորն էլ այդ ամենը լավ հասկանում են։ Ռուսական կողմը այդ արձանագրումն արել է»,- ասաց Գալստյանը։

 

Նարե Գնունի