Դատավորների նկատմամբ ճնշումները խորանում են․ մեկ ամիս առաջ մերժվածը ընտրվեց ՍԴ դատավորի թեկնածու

Մոտ մեկ ամիս առաջ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 158 դատավոր։ Նրա հետ միասին ՍԴ դատավորի թափուր հաստիքի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել ևս երկու դատավոր՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը և Վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանը։ Խաչատուրյանի օգտին կողմ էր քվերակել 100 դատավոր, իսկ Ներսիսյանի օգտին՝ 12 դատավոր։
Խաչատուրյանից մոտ 60 ձայնով ավելի հավաքած Դավիթ Բալայանին, սակայն, խորհրդարանը ակնհայտ քաղաքական դրդապատճառներով չընտրեց ՍԴ դատավոր։ Դավիթ Բալայանը իշխանականների մոտ ընկալվում է որպես ընդդիմադիր հայացքներով դատավոր, իսկ, ահա, Դավիթ Խաչատուրյանը, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրն է, իշխանությունների սրտի դատավորն է, նրանց սիրելին, ուստի ամեն ինչ արեցին, որ երկրորդ անգամ ամեն գնով նա ընտրվի ՍԴ դատավորի թեկնածու, որին խորհրդարանական մեծամասնությունը արդեն հաստատ չի մերժի ընտրել ՍԴ դատավոր։
Արդյունքում, երեկ կայացած Դատավորների ընդհանուր ժողովում դատավորների մեծամասնությունը քվեարկեց հենց Դավիթ Խաչատուրյանի թեկնածության օգտին։ Նրա հետ իր թեկնածությունն էր առաջադրել նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։ Թե նրանցից ով որքան ձայն է հավաքել, դեռ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ դատավորների մեծ մասը իշխանությունների նախընտրելի թեկնածուի օգտին է քվեարկել։
Երեկ Դատավորների ընդհանուր ժողովից առաջ մենք դատավորներին հարցեր էինք ուղղում դատական համակարգի նկատմամբ գործադիրի, նաև հենց Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող ճնշումների մասին, ու բոլորը միաբերան պնդում էին, թե ճնշում չկա իրենց վրա։
Դավիթ Խաչատուրյանի ընտրությունը ցույց տվեց, որ լավ էլ կա ճնշում, ու դատավորների նկատմամբ ճնշումը պոզով-պոչով չի լինում, այլ հենց այսպես է լինում, երբ նույն թեկնածուին մի անգամ դատավորները մերժում են, երկրորդ անգամ, «ինչ-որ հրաշքով», ընտրում են ՍԴ դատավորի թեկնածու։ Նրան վաղը խորհրդարանում, բնականաբար, ՔՊ-ն էլ իր հերթին կընտրի ՍԴ դատավոր։
Ի՞նչ փոխվեց այս մեկ ամսում, որ նույն թեկնածուին դատավորները սկզբում մերժեցին, հետո ընտրեցին։ Այս ընտրությունն իր հերթին ցույց տվեց, որ դատական համակարգը, որ այս իշխանությունների բռնաճնշումների ու դավադրությունների դեմ քիչ թե շատ պայքարող միակ օղակն էր մնացել, փաստացի ճաքեր է տվել ու թուլացել է, և Նիկոլ Փաշինյանը կարողանում է հերթով բոլորին կոտրել, խեղճացնել, դարձնել իր կամակատարը, ով էլ չի ենթարկվում՝ քրեական գործերով ճնշել ու լռեցնել։ Հիշեցնենք, սրանից ընդամենը մի քանի օր առաջ հերթով անակնկալ հրաժարականներ տվեցին մի շարք պայքարող ու ընդդիմադիր համարվող դատավորներ, ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ պատճառը դատավորների ներքին չաթում իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատություններն ու անգամ դրանց լուռ «լայք» դնելն է եղել։ Իսկ երեկվա Դատավորների ընդհանուր ժողովից մեկ օր առաջ էլ, վերջին պահին, ԲԴԽ անդամի թեկնածությունից անակնկալ հրաժարվեց ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, որը ևս բարձր հեղինակություն և իշխանությունների դեմ չընկրկող դատավորի համբավ ուներ։
«Ինձ համար մեծագույն պատիվ կլիներ դատավորներին տվյալ մարմնում ներկայացնելը, սակայն նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր, որոնք իմ գնահատմամբ ավելի կարևոր են, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը. հակառակ մոտեցումը կարող էր գնահատվել եսասիրական»,- ԲԴԽ անդամի թեկնածուի կարգավիճակից իր հրաժարումն այսպես՝ խորհրդավոր ձևով էր բացատրել Վազգեն Ռշտունին, ինչն իր հերթին առիթ տվեց մտածելու, որ նրա դեմ ևս ճնշումներ են բանեցվել։
Վահե Մակարյան