Վերջին 10-15 օրերի ընթացքում Երասխի դիրքերի ուղղությամբ կրակոցները դարձել են պարբերաբար, գյուղից լսվում է շարժը

Այն, որ Ադրբեջանը չի թաքցնում Հայաստանի դեմ սպասվող ռազմական սպառնալիքը, դա է վկայում այդ երկրի կողմից ամենօրյա ռեժիմով հրապարակվող սահմանային խախտումների մասին կեղծ հաղորդագրությունները։ Մի կողմից Ալիևը մեղադրում է Հայաստանին հրադարարի ռեժիմը չպահպանելու մեջ, մյուս կողմից Հայաստանի հետ սահմանին զինտեխնիկայի կուտակումներ են։
«Երասխից շարժը տեսանելի չէ, բայց գիշերային ժամերին՝ հիմնականում 3-ից 4-ի կողմերը լսելի է թե՛ մեքենաների շարժը և թե՛ ծանր տեխնիկայի։ Իսկ վերջին 10-15 օրերի ընթացքում նաև կրակոցներն են պարբերաբար դարձել։ Ճիշտ է գյուղի վրա չեն կրակում, բայց գյուղից լսվում է։ Կամ մեր դիրքերին են կրակում, կամ էլ ուղղակի օդ են կրակում։ Հաճախ ինքնաձիգի կրակահերթերն ավելի խորքից են գալիս։ Մեր տունը օդային հեռավորությամբ մոտ 600 մետրի վրա է Ադրբեջանի դիրքերից։ Ընդհանուր առմամբ, իրավիճակին տիրապետող մարդը հասկանում է, որ լավ հոտ չի գալիս, բայց Երասխում բնակչության շրջանում հանգստություն է»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Երասխի բնակիչը։
Երասխում զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով։ Մեր զրուցակիցն ասում է, որ խուճապ ու անհանգստություն չկա, հակառակ այն բանի, որ Բաքվից հնչող սպառնալիքներն ամեն րոպե կարող են փոխվել գործի։
«Որպես նախկին զինվորական գիտեմ, որ Ադրբեջանն այս պահին սպասում է հարմար պահի։ Թե ինչ կլինի Երասխում, չեմ կարող ենթադրել։ Բայց կուտակումներն ու հաճախակի կրակոցները փակուղի են տանում խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»,-հավելեց նա։
Հունան Թադևոսյան