Իշխանական ու ընդդիմադիր թևի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են իրար. «Ժողովուրդ»

Իշխանական ու ընդդիմադիր թևի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են իրար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանն այսօր քննարկելու է ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցը: Քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», նախագիծ է շրջանառել, ըստ որի՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի հետ համատեղելի չէ, քանի որ հանրային դիսկուրսում ատելության խոսք է գեներացրել: «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնոդ Վահե Հակոբյանն էլ չի կարող շարունակել պաշտոնավարումն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, քանի որ չի ներկայացել խորհրդարան, չի կազմակերպել ու չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

Իշխանությունն ինչ հիմնավորում էլ բերի ու ինչ էլ ասի, պարզից էլ պարզ է՝ ընդդիմադիր պատգամավորներին զբաղեցրած պաշտոններից զրկելու հարցն Ազգային ժողովի օրակարգ բերելը նախեւառաջ քաղաքական տարրեր է պարունակում ու քաղաքական ճնշում է ընդդիմության նկատմամբ: Ու որքան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մահակներ է բանեցնում ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների վրա, այնքան խորանում է իշխանություն-ընդդիմություն անջրպետը: Չնայած այդ անջրպետին՝ իշխանական ու ընդդիմադիր թեւի ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, ստիպված են լինում հանդիպել իրար: Որքան էլ տարօրինակ լինի, թեեւ հանդիպումները եղել են Հայաստանում՝ Երեւանում, բայց «այլ պետությունների տարածքում»:

Այսպես, երբ դեռ ընդդիմությունն ամենօրյա ռեժիմով ցույցեր էր կազմակերպում, եւ փակ էր Ֆրանսիայի հրապարակը, հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչները, Ռուսաստանի դեսպանատան հրավերով, մեկտեղվել ու հավաքվել են «Դվին» հյուրանոցում: Եվ հենց այստեղ էլ, բնականաբար, միմյանց հանդիպել են խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները:
Խորհրդարանի 3 ֆրակցիաները նաեւ երեկ՝ հունիսի 30-ին են հանդիպել, այս անգամ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը:

Ի տարբերություն ՌԴ դեսպանատան՝ ԱՄՆ դեսպանատունը ՀՀ հասարակական ու քաղաքական ոլորտի ներկայացուցիչներին սեփական հարկի տակ՝ կանաչ խոտածածկույթի վրա է հյուրընկալել:
Երկու հանդիպումների դեպքում էլ, տեղեկացանք, որ ներկա են եղել հայաստանյան քաղաքական դաշտի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության բարձր էշելոնի ներկայացուցիչները:

Հետաքրքրական է, որ միմյանց հասցեին ամենասուր քննադատությունը հնչեցնող ընդդիմադիրներն ու իշխանականները հանդիպումներ են ունենում օտար երկրների հայաստանյան «տարածքներում»: Ավելին՝ նրանք պահում են համամասնությունն ու չեն մերժում հատկապես գերտերությունների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դեսպանատների հրավերը:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։