Ինչո՞ւ է Փաշինյանի օգնականն այցելել Չաղ Ռուստամին

Ինչո՞ւ է  Փաշինյանի օգնականն այցելել Չաղ Ռուստամին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ Ֆազի սպանության մեջ մեղադրվող Ռուստամ Ստեփանյանին (Չաղ Ռուստամ) փորձում են ամեն գնով տեղավորել քաղաքացիական հիվանդանոցում։ 

MediaHub-ին պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ու նրա որոշ թիմակիցների հետ մտերիմ հարաբերություն ունեցող Չաղ Ռուստամին օրերս տարել են նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ՝ հետազոտության, և ամեն ինչ արել են, որ նրան պահեն «Աստղիկում»՝ կոմֆորտ պայմաններում: Փաստաբանը միջնորդել է, որ ծանր հիվանդություններ ունի՝ պետք է ստացիոնար բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցում, սակայն  «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը մերժել է, ու կալանավորված Ռուստամ Ստեփանյանին նորից տեղափոխել են կալանավայր՝ «Երևան կենտրոն» ՔԿՀ։

MediaHub-ին որոշ դրվագներ են հայտնի դարձել այն ժամանակահատվածից, որ Ռուստամ Ստեփանյանն (Չաղ Ռուստամ) անցկացրել է “Աստղիկ” ԲԿ-ում: 

Մասնավորապես, մեզ տեղեկացրեցին, որ, ըստ էության, կալանքի տակ գտնվող քրեական հեղինակության տեղաշարժը ամենևին էլ իր կարգավիճակի համապատասխան չի եղել, այսինքն նա բավականին ազատ է իրեն զգացել քաղաքացիական հիվանդանոցում: Ավելին՝ հյուրեր է ընդունել, ճանապարհել: 

Մեր աղբյուրները նշում են, որ հյուրերի թվում է եղել նաև ՔՊ-ական Դավիթ Գևորգյանը՝ նախկինում Արագածոտնի մարզպետ, իսկ ներկայումս Նիկոլ Փաշինյանի օգնականը: Մեզ ասացին, որ նրանց զրույցը տևել մեկ ժամ, թե ինչ են խոսել՝ հայտնի չէ, բայց արդեն իսկ ուշագրավ է այն հանգամանքը, որ երկրի ղեկավարի օգնականը այցելում է քրեական հեղինակության, երբ վերջինս կալանք է կրում:

MediaHub-ը հաջորդիվ կներկայացնի այլ հետաքրքիր դրվագներ Ռուստամ Ստեփանյանի (Չաղ Ռուստամ) հետ կապված: