Ճեպազրույց տալը մեզ վրա որպես «ժողովրդավարություն» են ծախում

Ճեպազրույց տալը մեզ վրա որպես «ժողովրդավարություն» են ծախում

Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած ՔՊ-ականները լրագրողներին ընդամենը ճեպազրույց տալը մեզ վրա ուզում են ծախել որպես ժողովրդավարության բացառիկ դրսևորում։ Ու սա այնպես են ներկայացնում, ասես՝ էն «բռնապետ» նախկինների օրոք մենք ո՛չ մոտիկից պաշտոնյա ենք տեսել, ո՛չ էլ մոտեցել ու սուր հարց ենք տվել։ 

Ամենավատն այն է, որ իրենք իրենց ասածներին այնպես են հավատում ու այնպես համոզիչ են դա փաթեթավորում և հրամցնում մեզ, որ քիչ է մնում մենք էլ հավատանք, որ իսկապես նախորդ իշխանության օրոք մենք որևէ նախարարի կամ պատգամավորի երբեք չենք մոտեցել ու հարց չենք տվել, և իրենք եկան թե չէ՝ դեմոկրատական մի արեգակ հայտնվեց հայաստանյան ավտորիտար երկնակամարում։

Ահավասիկ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր կառավարության անդամներից միակն էր, որ, ի պատիվ իրեն, չվախեցավ, չխորշեց և բարեհաճեց գալ ճեպազրույց տալ։ Մյուսները, հատկապես էն «վախենալու» ուժայինները, որոնց մի գիշերվա մեջ ինչ-որ մեկը մի SMS-ով կարող է շամպայնի խցանի պես դուրս թռցնել իրենց զբաղեցրած պաշտոններից, լրագրող տեսնելիս բառի բուն իմաստով այնպես էին ճողոպրում, որ «դուխ» չէին անում անգամ մեր կողմը նայել ու քաղաքավարության կանոններից ելնելով՝ գոնե բարև տալ, նոր սարսափահար փախչել։ Այ այդքան վախեցած են մեր ուժայինները, բայց նրանց մի ամբողջ պետության անվտանգություն է վստահված։ 

Եւ այս պայմաններում, երբ ընդամենը մեկ-երկու նախարար է  համարձակվում կամ բարեհաճում իջնել և լրագրողների հարցերին պատասխանել, այն էլ՝ հիմնականում կանայք, Գևորգ Պապոյանն այսօր մեզ երեսով էր տալիս, թե՝ չե՞նք տեսնում, Հայաստանն այնքան ժողովրդավար երկիր է, որ ինքն իջել ու պատասխանում է մեր հարցերին։

Ստիպված եղանք պարոն Պապոյանին հիշեցնել, որ իրենց բնորոշած այն «ավտորիտար» կամ «բռնապետ» իշխանությունների օրոք ևս բոլոր նախարարները հերթով իջել, մեր ձեռքի տակով անցել, խելոք պատասխանել են մեր հարցերին ու գնացել, և խնդրեցինք իր տված ճեպազրույցը՝ որպես ժողովրդավարության «եզակի» նմուշ, չծախել մեզ վրա։ Հիշեցրինք նաև, որ նախկինում մենք ամենասուր հարցերը տվել ենք նախկին իշխանության պաշտոնյաներին, և դրանից հետո մեզ պատերի տակ չեն ծեծել կամ սպանել, ինչպես ներկայացնում են իրենք ամեն քայլափոխի՝ երեսով տալով, թե՝ «մեզ այդքան վատ հարց եք տալիս, ու մենք ձեզ «պադյեզդներում» չենք ծեծում»։ 

Պապոյանը սկսեց ինչ-որ մանր դրվագներ հիշել նախկիոնւմ լրագրողների հետ կապված՝ մոռանալով, թե նույն իրենց ԱԺ նախագահն ինչպես է վարվում լրագրողների հետ, ինչ սահմանափակումներ են մտցրել նույն խորհրդարանում և այլուր, որ ավելի քան բարդացնեն լրագրողների կյանքը։ Սա, իրականում, ցինիզմ է և երեսպաշտություն, որ հարցազրույց տալը մեզ վրա որպես ժողովրդավարության բացառիկ նվաճում են ծախում։ 

Ի դեպ, ճեպազրույցից հետո Գևորգ Պապոյանին մոտեցանք և առանձին հիշեցրինք, որ եթե նախկինների օրոք՝ իր բոլոր վատ կողմերով և առանձին ավտորիտար դրսևորումներով, իրականում, ժողովրդավարություն չլիներ, իրենք երբեք իշխանության չէին գա, երբեք։

Վահե Մակարյան