Կանայք, թմրանյութեր… «Կոկաինի արքա» Պաբլո Էսկոբարը

«Կոկաինի արքան», նույն ինքը՝ Պաբլո Էսկոբարը ծնվել է 1949թ. Կոլումբիայի Մեդելյին քաղաքում։ Պաբլո Էմիլիո Էսկոբար Գավիրիան աղքատ ընտանիքից էր: Հայրը ֆերմեր էր, իսկ մայրը դասավանդում էր դպրոցում։ Նա ծնողների երրորդ զավակն էր։

1976 թվականի գարնանը Էսկոբարը ամուսնանում է մանկության անչափահաս ընկերոջ՝ Մարիայի հետ, որն արդեն հղի էր նրանից: Պատմության ամենադաժան հանցագործներից շատերի նման, Էսկոբարը չափազանց սենտիմենտալ էր իր ընտանիքի նկատմամբ: Շրջապատողները Էսկոբարին նկարագրում էին որպես սիրող և հոգատար ընտանիքի մարդ: Կինը և երեխաները նրա հիմնական արժեքն էին:

Դեռ 16 տարեկանից նա զբաղվում էր գողությամբ և օգտագործում թմրանյութ, ինչի պատճառով էլ հեռացվում է դպրոցից:

Ժամանակի ընթացքում Էսկոբարն իր շուրջ է համախմբում պատմության մեջ ամենաազդեցիկ մաֆիայի կազմակերպությանը, որն այնուհետև ձեռնոց նետեց ոչ միայն Կոլումբիայի Հանրապետությանը, այլև ԱՄՆ-ին:

Պաբլոն միլիոնավոր դոլարներ էր ծախսում Արևմտյան Կոլումբիայի աղքատ թաղամասերում մարզադաշտերի, այգիների, դպրոցների, հիվանդանոցների և եկեղեցիների կառուցման համար, ինչն էլ պատճառ էր հանդիսացել, որ շատերը նրան ասոցացնում էին Ռոբին Հուդի հետ:

Ռուսական «Bad Balance» երաժշտական խմբի երգացանկում անգամ Էսկոբարին նվիրված համանուն երգ կա:

1982թ. Էսկոբարն ընտրվում է Կոլումբիայի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ՝ այսպիսով մուտք գործելով քաղաքականություն: Սակայն այս հաջողությունը շատ կարճ տևեց: Նարկոթրաֆիքինգի մեղադրանքով նրան զրկում են մանդատից։

Էսկոբարը շատ դաժան էր մարդկանց հանդեպ, սակայն անբացատրելի բարություն և սեր էր տածում կենդանիների նկատմամբ։

Կոկաինի արքան իր թմրանյութերի կայսրությունը սկսել է կառուցել 1975թ.։ Նրա կարողությունն այդ տարիներին հասնում էր շուրջ 28 միլիարդ դոլարի։ Ասում են, որ Էսկոբարի եկամտային հոսքն այնքան մեծ էր, որ նա ամսական միայն 2500 դոլար ծախսում էր կանխիկ գումարների համար ռետինե կապիչներ գնելու վրա։

Էսկոբարն իր հարստության շնորհիվ ձեռք էր բերել բավական շատ անշարժ գույք, արվեստի թանկարժեք գործերի հավաքածու, որը, ի դեպ, Հարավային Ամերիկայում ամենամեծն էր համարվում: Նրա հավաքածուի մեջ կային այնպիսի աշխարհահռչակ գործեր, ինչիսիք են Սալվադոր Դալիի «Ռոք ընդ Ռոլ» նկարը, Կլաուդիո Բրավոյի անգին նկարները, ինչպես նաև՝ Իգոր Միտորայի, Ֆերնանդո Բոտերոյի և Էդգար Նեգրեթի քանդակները։

Թերևս ամենահայտնին էլ նրա ունեցվածքից Նեապոլյան կալվածքն էր: Մի ահռելի տարածք` ջունգլիներով, գետերով և լճերով՝ լցված աշխարհի տարբեր անկյուններից բերված էկզոտիկ կենդանիներով և թռչուններով։

Ի վերջո, ընտանիքի հանդեպ սերն էր, որ արագացրեց նրա մահը: Էսկոբարը, ով ջանասիրաբար թաքնվում էր ոստիկանությունից, իր 44-րդ տարեդարձից հետո չի դիմանում կարոտին և զանգահարում է կնոջը: Որդու հետ ավելի քան 5 րոպե խոսելը բավարար էր, որպեսզի ոստիկանությունը տեղորոշեր նրա գտնվելու վայրը:

Արդյունքում, 1993թ. դեկտեմբերի 2-ին Պաբլո Էսկոբարը սպանվում է։

Էսկոբարի մահից անմիջապես հետո նրա ընտանիքի գլխին դամոկլյան սուր էր կախված, որը նրանց ստիպելու էր դեռ երկար տարիներ ապրել ահուսարսափի մեջ` ամեն վարկյան իրենց աչքի առաջ ունենալով մահվան վախը։