Քերոբյանն առաջարկում է արգելել մի շարք կենդանիների, այդ թվում՝ գոմեշների, ձիազգիների մորթու և կաշվի արտահանումը

Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջարկելու է վեց ամիս ժամկետով արգելել մի շարք կենդանատեսակներից ստացված ապրանքների արտահանումը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ։
Համապատասխան նախագծի մեջ նշված է․
Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածը, 29-րդ հոդվածը և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման) ժամանակավոր արգելք վեց ամիս ժամկետով՝
1) ԱՏԳ ԱԱ 4101 ծածկագրին դասվող՝ Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող՝ խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկված) չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված.
2) ԱՏԳ ԱԱ 4102 ծածկագրին դասվող՝ Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող՝ ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված.
3) ԱՏԳ ԱԱ 4103 ծածկագրին դասվող՝ Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող՝ այլ չմշակված մորթեր (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ, քանի որ ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով անմշակ կաշվե արտադրանքը:
Վահե Մակարյան