Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անցել է մասնավոր ոլորտում աշխատանքի։ Հիշեցնենք․ նա ԱԳ նախարարի պաշտոնից ազատվեց պատերազմից հետո՝ նոյեմբերի 20-ին, բայց մինչ օրս պահպանում է կապերն իշխանությունների հետ ու չի քննադատում նրանց, երբեմն էլ նրանց օգտին թվիթներ է անում։

Մեզ ասացին, որ Մնացականյանը աշխատանքի է անցել Նիկոլ Փաշինյանի հարազատ Ենոքավանում գործող «Ապագա ռեզորթ» հանգստյան համալիրում՝ որպես զարգացման գծով տնօրեն կամ մենեջեր։

 

«Հրապարակ»  թերթը գրում ․

Սիսիան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած գործարար Արա Զաքարյանը, որոշ տեղեկություններով, առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերին` ՔՊ-ին, որն ունի 8 մանդատ, եւ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքին, որը Ղազինյանի կուսակցության հետ ունի 7 մանդատ, առաջարկել է իր թեկնածությունն առաջադրել համայնքի ղեկավարի պաշտոնում: Նրանցից ով կընդունի առաջարկը, նրա հետ էլ Զաքարյանն իշխանությունը ստանձնելու կոալիցիա կկազմի։

 

«Հրապարակ» թերթը գրում է․

Նախօրեին արդարադատության նախարար, ՔՊ-ի կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում ներկայացված Կարեն Անդրեասյանն ԱԺ-ում հանդիպել է իշխող խմբակցության հետ: Մեզ ասացին, որ խմբակցության մոտ կեսն է ներկա եղել, գրեթե հարց չեն տվել թեկնածուին, հանդիպումը 10-15 րոպե է տեւել։ Անդրեասյանն ասել է, թե ինչու է ընդունել նախարարի պաշտոնը թողնելու եւ դատական համակարգ տեղափոխվելու առաջարկը: Ասել է, որ այնտեղ շատ խնդիրներ է տեսնում եւ կարծում է, որ «ոլորտն էապես բարեփոխելու կարիք ունի»։ Նա ԲԴԽ շարքային անդամ կընտրվի, ապա՝ նախագահ, որպեսզի ավարտին հասցնի Գագիկ Ջհանգիրյանի սկսածը` դատական համակարգի ստրկացումը:

 

«Հրապարակ»  թերթը գրում է․

Իշխող ՔՊ-ն իսկապես որոշել է պատգամավոր, մեծն սահմանադրագետ Վահագն Հովակիմյանին գործուղել ԿԸՀ՝ փոխարինելու Տիգրան Մուկուչյանին, չնայած նա պաշտոնի պահանջներին չի համապատասխանում։ Մուկուչյանի ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, նա այդ պաշտոնում է 11 տարի։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն պետք է նոր նախագահ ունենա մինչեւ հոկտեմբերի 12-ը: ԿԸՀ նախագահի թեկնածուին կներկայացնեն նախ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին, որտեղ հաստատում անցնելուց հետո հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստի ժամանակ, ապա կլինի փակ քվեարկություն:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է կուսակցականացնել եւ ոչնչացնել բոլոր կառույցներն ու մանավանդ` ապաքաղաքական պաշտոնները։ Նախ նախագահական նստավայրը, ՄԻՊ-ն ու դատախազությունը զավթեցին, ՍԴ գործուղեցին Ստյոպա Սաֆարյանի քրոջը, շուտով ԲԴԽ կգործուղվի Կարեն Անդրեասյանը, ով իր կենսագրությունը սկսեց աշխատասենյակում Փաշինյանի լուսանկարը փակցնելով: Հերթը ԿԸՀ-ինն է։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո հանրային տիրույթում սկսեց քննարկվել 1994 թվականին կնքված եռակողմ հրադադարի համաձայնագիրը: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ փորձելով հասկանալ՝ ինչպես ստացվեց, որ այդ ժամանակ Ադրբեջանին հաջողվեց չստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր դիմել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ստանալու նույն հարցի պատասխանը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Նախկին ՀՀԿ-ական, այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի կինը՝ Սուսաննա Աղաբաբյանը, տուրիստական ընկերություն ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Աղաբաբյանին պատկանող «Էդեն տուր» ընկերությունը թեեւ մի շարք ուղղություններով է աշխատում, բայց հիմնականում սոցփաթեթների վրա է կենտրոնացած: Մեզ հետ զրույցում պատգամավոր Թորոսյանը հաստատեց կնոջ բիզնեսին առնչվող լուրն ու փոխանցեց, որ ընկերությունը, այո, նաեւ սոցփաթեթների շահառուներին է սպասարկում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե ռազմական դրության անհրաժեշտություն չի տեսնում, սակայն առաջնագիծ մեկնել ցանկացողներին կոչ էր անում կամավոր դիմել զինկոմիսարիատներ: