Փաշինյանն ասել է՝ «բան ունեմ ասելու»․ Կիրանցի մի քանի բնակիչ եկել է Երևան

Փաշինյանն ասել է՝ «բան ունեմ ասելու»․ Կիրանցի մի քանի բնակիչ եկել է Երևան

Փաշինյանն ասել է՝ «բան ունեմ ասելու», և Կիրանցի մի քանի բնակիչ ու համայնքի վարչական ղեկավարը եկել են Երևան՝ իր հետ հանդիպելու։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում պատմեց Կիրանցի բնակիչներից մեկը։

Նա նշեց, որ գյուղի բոլոր բնակիչներին հրավեր է ուղարկված եղել, սակայն նրանցից չորս-հինգն են ցանկություն հայտնել գալու և հանդիպելու Փաշինյանին։

«Դե վարչական ղեկավարը ստիպված էր գնալ, մի քանի հոգի էլ իր հետ գնացին, որ մենակ չթողնեն իրենց համայնքապետին։ Բայց մարդիկ ոչ մի հավատ չունեն, ու գիտեն, որ հերթական անգամ փափուկ բարձ է դրվելու իրենց գլխի տակ»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Կիրանցում բոլորը վստահ են՝ սուտ խոստումների հերթական փաթեթն է տրամադրվելու իրենց։

«Սա առաջին դեպքը չէ, որ կանչում, լավ-լավ բաներ է խոստանում, հետո հակառակն անում։ Դրա համար մենք ոչ մի վստահություն էլ չունենք։ Մեր պայքարն այստեղ է՝ Կիրանցում, ու մենք որևէ այլ բան, քան պայքարն է, չենք տեսնում, ու հենց մեր պայքարի ուղին էլ բռնած գնալու ենք մինչև վերջ»,- նշեց մեր զրուցակիցը։

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանի հետ հանդիպումը քիչ հետո կմեկնարկի։

Նարե Գնունի