«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաեւ ՔՊ կուսակցության վարչության անդամ է, վերջին շրջանում «երես է թեքել» իր թիմակիցներից, չի շփվում նրանց հետ: Անգամ երբեմնի իր մտերիմների համար Պապիկյանին գտնելն ու նրա հետ կապի դուրս գալը լուրջ խնդիր է դարձել, իսկ ՔՊ-ականների մի մասի հետ էլ առհասարակ չի շփվում:
Վերջինս կուսակցական քննարկումներին անհաղորդ է, չի մասնակցում դրանց, անգամ սահմանային լարված իրավիճակներում, երբ ինչ-որ բան է պետք լինում ճշտել, թիմակիցներին չի հաջողվում Պապիկյանից իմանալ, շատ դեպքերում միջնորդներ են խառնում, որպեսզի նրա հետ կապի դուրս գան: Ինչպես մեր աղբյուրներն են պատմում, անգամ սեպտեմբերի 17-ի ավագանու ընտրություններից երկու օր առաջ կայացած ՔՊ-ի աղմկոտ հանրահավաքին Պապիկյանին մի կերպ են համոզել, որ գա ու մասնակցի:
Իշխանականները տարօրինակ են համարում Պապիկյանի այս պահվածքը, քանի որ վերջինս ՔՊ-ում այն քչերից է եղել, որը բոլորի հետ լեզու է գտել ու թիմում առկա տարաձայնությունները հարթել է: Սուրեն Պապիկյանը ՔՊ-ում մշտապես Փաշինյանի սիրելիներից է համարվել, բայց հիմա Պապիկյանն այլ է դարձել:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանություններն ինտենսիվ քննարկում են հերթական քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ Խոսքը վերաբերում է Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն ուսումնասիրելու թեմային: Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, նոր ստեղծվելիք քննիչ հանձնաժողովն իր կազմով, առավել ևս գործառույթներով էականորեն ոչնչով չի տարբերվելու մինչ այդ գոյություն ունեցող հանձնաժողովներից և նպատակ է ունենալու ապահովել հերթական շոուն, մեղքը հեռացնել Փաշինյանից ու այլ մեղավորների հետ կապված հանրային կարծիք ձևավորել:
Սրան ընդառաջ իշխանությունն իր ամբողջ քարոզչամեքենայով լծված է համապատասխան տեղեկատվական ֆոն ապահովելու գործին: Մասնավորաբար, մերձիշխանական որոշ շրջանակներ սկսել են ինչ-որ դավադրապաշտական տեսություններ հորինել, թե իբր ինչ-ինչ գործարքներ են կատարվում հայաստանյան իշխանությունների թիկունքում, մի խոսքով՝ զբաղված են «մութ սենյակում կատու փնտրելով»՝ հիմնականում կապված արցախցի պաշտոնյաների ու պատգամավորների հետ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, սրանով փորձ է արվում հանրային կարծիք ձևավորելու, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ իշխանությունների հնարավոր գործողությունները արդարացնելու համար:
«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ում անհամբեր սպասում են, թե ով է զբաղեցնելու Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, ինչից պարզ կդառնա Փաշինյան-Ավինյան փոխհարաբերությունների էությունը, եւ թե Փաշինյանն ում է տեսնում Ավինյանի ֆորսմաժորային փոխարինողի դերում։ Բանն այն է, որ քաղաքապետի 5 տեղակալներից միայն առաջին տեղակալը կարող է պահել ավագանու մանդատը, մյուսները պետք է հրաժարվեն` կորցնելով նաեւ հետագայում քաղաքապետ ընտրվելու հնարավորությունը։ ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին, ըստ որոշ լուրերի, գործուղել են քաղաքապետարան՝ ոչ միայն Ավինյանին վերահսկելու, այլեւ հարկ եղած դեպքում փոխարինելու համար։
Ճիշտ է` ՔՊ-ն հերքում է այս լուրերը, բայց եթե առաջիկայում Փամբուխչյանն առաջին տեղակալ նշանակվի, ապա կհաստատվի այս վարկածը: Մեզ ասացին, որ Ավինյանը դիմադրում է սրան եւ ամեն ինչ անում է, որ նշանակվի իր մտերիմ Լեւոն Հովհաննիսյանը։ Իսկ ամենամեծ զավեշտն այն է, որ Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» էլ է հավակնում առաջին տեղակալի պաշտոնին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեն ՊՆ-ից չարաշահումների դեպքերով ընկել է բանակին ապրանք մատակարարող ընկերությունների տնօրենների հետեւից, ու առաջին կալանավորումն է օրերս եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանավորվել է «Մոսեսքո» ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանը։
Օրերս կոմիտեն հայտնեց, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռ. Բ-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի եւ ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք եւ օժանդակել Կ. Գ.-ի կողմից ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 մլն ՀՀ դրամի հափշտակությանը: ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 240 տոննա «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի ձեռք բերման համար 2017 թվականի ապրիլին իրականացված մրցույթին մասնակցել եւ հաղթող է ճանաչվել «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը՝ առաջարկելով 94.320.000 ՀՀ դրամ (1կգ-ի արժեքը՝ 393 ՀՀ դրամ): Դրանից հետո հիշյալ ՍՊԸ տնօրեն Կ. Գ.-ի հետ կնքվել է պետական գնման պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է անհրաժեշտ կարգով եւ ժամանակացույցով մատակարարել պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին համապատասխանող «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ, ինչը, հետագայում պարզվել է, չի մատակարարվել, իսկ գումարները վճարվել են։
Ի դեպ, դեռեւս տարիներ առաջ մամուլը գրեց, որ ՊՆ-ի հետ առավել խոշոր պայմանագրեր են կնքել, օրինակ, «Ֆլեշ», «Էլիտ կապիտալ», «Ավանգարդ» ՍՊԸ-ները, «Արպ անիվ» ՍՊԸ-ն, «Մոսեսկո» ՍՊԸ-ն, եւ
գնումների ավելի քան 40 տոկոսը նրանց մեջ է բաշխվում, այսինքն՝ մնացած ընկերությունները հաղթում են, բայց մրցույթի արդյունքում գեներացնում են շատ փոքր տորթի կտորներ: Այս ընկերություններն ուսումնասիրելիս արձանագրվել են, որ դրանք չունեն կայք, եւ թերհայտարարագրման ռիսկեր կան: Այս ընկերությունները հաղթում են 2015-ից ի վեր: Նրանք կարծես թիրախավորված են միայն ՊՆ-ի մատակարարումներով: Կասկածներ կան, որ գործ ունեն միջնորդավորված գնումների կամ ոչ պատշաճ ընթացակարգերի հետ: Դատելով իրավիճակից՝ առաջիկայում մի շարք ընկերությունների տնօրեններ կհայտնվեն ճաղերի հետեւում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների եւ Արցախի վտարանդի իշխանությունների միջեւ խուլ հակամարտությունը կարող է պայթյունի հանգեցնել՝ աշխատավարձերի չվճարման հողի վրա: Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի անցկացրած խորհրդակցության մասին մեր հրապարակումներից հետո Փաշինյանը որոշել է պատժել արցախցիներին եւ չվճարել պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը, չնայած որոշված էր, որ մինչեւ հունվարի 1-ը ստանալու են։
Արդեն մի քանի օր է` իշխանական ԶԼՄ-ները եւ ֆեյքերն արշավ են սկսել Արցախի իշխանությունների դեմ, թե նրանք թալանել են բյուջեն, փող չկա, այդ պատճառով արցախցիներն աշխատավարձ չեն ստանում։ Այս գրոհն այնքան հուժկու էր, որ երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, թե Արցախի պետբյուջեում դեռ կա շուրջ 3,1 միլիարդ դրամի մնացորդ, որը սառեցված է: Սառեցրել է ՀՀ կառավարությունը։ Շտաբից մանրակրկիտ հաշվետվություն ներկայացրին վերջին ռազմական գործողություններից հետո բյուջեից կատարված շուրջ 463 միլիոն դրամ ծախսի վերաբերյալ։ Իսկ ԱՀ պաշտոնատար անձինք հրապարակային հայտարարել են, որ կառավարությունը թեպետ ԱՀ բյուջեն հաստատում է, սակայն փոխանցումները կատարվում են ամսական կտրվածքով։
Ստացվում է՝ սեպտեմբերի բյուջեն փոխանցել են, ապա՝ սառեցրել: Իսկ ԱՀ կառավարության մեր աղբյուրի հաշվարկով` աշխատավարձի ամսական ֆոնդը 4-4.1 մլրդ դրամ է կազմում»: