Ի՞նչ նշանակություն կունենա եզդիների ցեղասպանության ճանաչումը

Ի՞նչ նշանակություն կունենա եզդիների ցեղասպանության ճանաչումը

Երեկ Գերմանիայի Բունդեսթագը Սինջարի եզդիների 2014 թվականի ցեղասպանությունը ճանաչող նախագիծ է ընդունել: MediaHub.am-ի հետ զրույցում նիստին Բունդեսթագի կողմից հրավիրված, Ազգային ժողովում եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ներկայացրեց, որ այս օրենքի նախագիծը կարևոր էր այն առումով, որ Գերմանիան ազդեցիկ երկրների շարքում է և ունի աշխարհի մեծությամբ երկրորդ եզդիական համայնքը։ 

«Օրենքի ընդունմամբ՝ Գերմանիան մի քանի հարցեր է իր առաջ դնում, որպեսզի դրանց ընթացք տա և դրանցով զբաղվի։ Գերմանիայի կողմից ցեղասպանության ընդունումը կարող է օրինակ դառնալ մյուս երկրների համար։ Գերմանիայի խորհրդարանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունից պահանջում է իրենց բյուջեի շրջանակներում մի քանի գործողություններ ձեռնարկել, այդ թվում միջազգային հարթակում ցեղասպանության քաղաքական և իրավական լուծումներ գտնելու համար, ինչպես նաև Իրաքի կառավարության վրա որոշակի ազդեցություն ունենալ կամ ճնշում գործադրել, որպեսզի Իրաքի կառավարությունն իր առջև դրված պարտավորությունները ստանձնի և կատարի»,-ասաց նա։

Ըստ Բաքոյանի՝ Գերմանիայի կառավարությունը պետք է ֆինանսավորի, որպեսզի Իրաքի ամբողջ տարածքից, ինչպես նաև իրաքյան Քուրդիստանի շրջանից ցեղասպանության վերաբերյալ ապացույցների հավաքագրումն ապահովվի։

«Կետերից մեկն այն է, որ Իրաքի կառավարությունից պահանջվի փրկվածների մասին օրենքը կիրառել, որը 2021 թվականի մարտին հրապարակվեց Իրաքի խորհրդարանի կողմից։ Այս օրենքը նախատեսում է, որ իսլամական պետության ահաբեկչական խմբավորման հանցագործություններից փրկվածներին պետք է աջակցություն տրամադրվի»,- ասաց մեր զրուցակիցը։

Կետերից մեկն այն է, որ տարածաշրջանի համապատասխան բոլոր դերակատարներից պետք է պահանջվի պահպանել 2021 թվականի Սինջարի համաձայնագիրը, որն էլ, իր հերթին, ենթադրում է, որ պետք է համաձայնագրում ներառվի եզդիական ողջ համայնքը։

«Կարևոր կետերից մեկն էլ այն է, որ Բաղդադի, Էրբիլի և եզդիների ներկայացուցիչների հաշտեցման գործում միջազգային հանրության մեջ առաջատար դեր ստանձնեն և բազմակողմ ռազմավարական զարգացմանն աջակցեն՝ հաշվի առնելով եղած հնարավորությունները: Իրաքի և իրաքյան քրդական շրջանում բնակվող եզդիները պետք է կարողանան օգտվել արժանապատիվ կյանքի իրենց իրավունքից, որոնք ժողովրդավարական հենքի վրա են լինելու, և ազգային բոլոր փոքրամասնությունները, կրոնական խմբերը պետք է պաշտպանված լինի»,-ընդգծեց պատգամավորը։ 

Ռուստամ Բաքոյանի խոսքով՝ պետք է վերականգնվեն Իրաքում եզդիական քաղաքները, գյուղերը։ 
«Իրաքի կենտրոնական կառավարության և Քուրդստանի տարածաշրջանային կառավարության հետ պետք է համագործակցել, որպեսզի շուրջ 300 հազար տեղահանված եզդիները վերադառնան իրենց տները և առաջնահերթություն տան Սինջարի շրջանին»,- հավելեց պատգամավորը։

Լիաննա Թորոսյան