Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն»

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը օրեր առաջ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Երևանի քրեական վարչության և մարզային քրեական վարչություննների պետերին փոխանցել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականը, որ քրեական ոստիկանները պետք է շարունակեն էլ ավելի ուժեղացված պայքարը քրեական տարրերի դեմ, այդ թվում՝ հայտնաբերեն հետախուզման մեջ գտնվողների, անգամ եթե հետախուզվողը գտնվում է Հայաստանից դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օպերատիվ խորհրդակցությունից հետո ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով հետախուզվողների՝ ՀՀ Քր.Օր-ի տարբեր մեղադրանքներով, հայտնաբերել են նաև մեծ քանակի ապօրինի զենք-զինամթերք, քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում եղել են դեպքեր, որ քաղաքացիներն ինքնակամ ոստիկանություն են ներկայացրել իրենց մոտ եղած զենք-զինամթերքը ու այնքան շատ է հայտնաբերված զենք-զինամթերքը, որ կարելի է մի ամբողջ գունդ զինել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, օրեր առաջ քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական վարչության մի քանի աշխատակիցներ մեկնել են Վրաստան ու պատճառը եղել է այն, որ քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի դիմած ու տարիներ առաջ ինքնաձիգով Շենգավիթում «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» սպանած «Կոկո» մականվան քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը գտնվում է Վրաստանում։
ՀՀ քրեական ոստիկանները, ապա նրանց միացած Վրաստանի ոստիկանության նրանց գործընկերները պարզում են «Կոկո»-ի ենթադրյալ գտվելու վայրն ու տաք հետքերով հայտնաբերում են նրան, ով տեղափոխվում է Վրաստանում գտնվող համապատասխան բանտ։
Այս պահին կատարվում են թղթաբանական աշխատանքեր, որպեսզի «Կոկո»-ին արտահանձնեն Հայաստան։