Ի՞նչ քայլեր են քննարկվել Մոսկվայում․ ՀՀ փոխվարչապետի գրասենյակը պարզաբանել է

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հանդիպմանը փոխըմբռնում է ձեռք բերվել մաքսային և սահմանային վերահսկողության ոլորտում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից` պատասխանելով հարցմանը։
Մոսկվայում աշխատանքային խմբի հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:
Փոխվարչապետի գրասենյակից հետաքրքրվել էինք, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը։
«Քայլերը վերաբերում են մաքսային և սահմանային հսկողության գործընթացներին», - պարզաբանել են գրասենյակից:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները մայիսի 25-ին հանդիպել էին Մոսկվայում։ ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ նիստն անցել էր կառուցողական մթնոլորտում: