Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվն օր օրի աճում է․ մեր երկիրն արդեն COVID-19-ի վեցերորդ ալիքն է հաղթահարում

 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ օրական հիվանդության 50-60 նոր դեպք է գրանցվում, և հիմնական օջախը քաղաքամայր Երևանն է։

Ըստ կենտրոնի հրապարակած տվյալների՝ նախորդ շաբաթ մեր երկրում գրանցվել է հիվանդության 629 նոր դեպք, մինչդեռ դրանից առաջ շաբաթական տվյալներով ունեինք COVID-19-ի 354 դեպք։

Ակտիվ հանգստի սեզոնում դեպքերի աճ նկատվում է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ մեր հարևան: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս լրջորեն մտահոգված է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճով, ինչը բարդացնում է առանց այդ էլ բժշկական ծառայությունների ծանրաբեռնված աշխատանքը։ «Վիրուսի նոր ալիքները կրկին ցույց են տալիս, որ COVID-19-ը դեռևս չի ավարտվել, -մեկ շաբաթ առաջ հայտարարել էր ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը, որի խոսքով վիրուսն ազատորեն տեղաշարժվում է աշխարհում, իսկ բազմաթիվ երկրներ չեն կարողանում լուծել սուր վիճակով հիվանդների հոսպիտալացման հարցը և, միաժամանակ, հետքովիդային բարդությունների բուժումը։

Հիվանդությունների վերահսկամ և կանխարգելման կենտրոնից հայտնում են՝ Հայաստանում այժմ ինտենսիվ խնամքի բաժանմունքներում հիվանդներ չկան, վարակից մահվան դեպքեր ևս չեն արձանագրվել: Նոր սահմանափակումներ մտցնելու հարց այս պահին չի քննարկվում, բայց չի բացառվում, որ կքննարկվի, եթե համաճարակային իրավիճակը բարդանա:

Հիվանդության նոր ալիքը հաղթահարելու համար Կենտրոնը հորդորում է մարդկանց՝ պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, ինչպես նաև մտածել պատվաստանյութի խթանիչ դեղաչափ ստանալու մասին։

Հանրապետության չափահաս բնակչության մոտ 51 տոկոսը ստացել է առնվազն մեկ դեղաչափ, 45 տոկոսը՝ երկու դեղաչափ, իսկ խթանիչ պատվաստանյութ՝ ընդամենը 2.6 տոկոսը: Հատկապես առավել ցածր է պատվաստման ցուցանիշը ռիսկային խմբում՝ 65 տարեկան և բարձր անձանց դեպքում:

Նշենք, որ մեր երկրում առավել շատ օմիկրոնի BA.4 և BA.5 տարատեսակներն են տարածված: Կորոնավիրուսի BA.4 և BA.5 շտամներն առաջին անգամ հայտնաբերվել են նախորդ տարի Հարավային Աֆրիկայում և այդ պահից սկսած` տարածվել ողջ աշխարհում։

Որոշ փորձագետների կարծիքով՝ դրանք կարող են դոմինանտ դառնալ Եվրոպայում և ԱՄՆ-ում։ BA.4 և BA.5 ենթատարբերակները Օմիկրոն շտամի ամենամոտ տարբերակներն են, որը նախորդ ձմեռ առաջացրել էր վարակման նոր ալիք, սակայն պարզվել էր, որ այն առավել քիչ վտանգավոր է առողջության համար։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ այն ավելի քիչ է հանգեցնում պացիենտների մահվան կամ այդ պացիենտների հոսպիտալացման։

Նարե Գևորգյան