Իշխանությունն այդ քայլով ՀՀ-ում ժողովրդավարության հոգեհանգիստը կազմակերպեց․ Գեղամ Մանուկյան

Իշխանությունն այդ քայլով   ՀՀ-ում ժողովրդավարության հոգեհանգիստը  կազմակերպեց․ Գեղամ Մանուկյան

Սա քաղաքական հետապնդման, անհանդուրժողականության, փոքրոգության հերթական դրսևորումն է, առաջին անգամը չի, որ քաղաքական մեծամասնությունը նման հետապնդումներ է իրականացնում։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով այսօր ՔՊ-ի քվեարկությամբ Վահե Հակոբյանին և Իշխան Սաղաթելյանին պաշտոնազրկելուն։

«Վերջին օրերին նաև դատական համակարգ սեփական կուսակիցների ներթափանցելու, իրենց յուրայիններին մտցնելու այս մրցավազքից հետո սա ՀՀ-ում ժողովրդավարության հոգեհանգիստ կազմակերպելն էր»,- ասաց Մանուկյանը։

Անդրադառնալով այսօր ԱԺ-ում Արուսյակ Ջուլհակյանի դիտարկմանը՝ թե Իշխան Սաղաթելյանը և շարժման անդամները հայհոյախառն արտահայտություններ են հնչեցրել իշխանության ներկայացուցիչների հասցեին, Գեղամ Մանուկյանը նշեց․

«Հնչեցված մեղադրանքներից տպավորություն էր, որ մենք գործ ունենք հանրահավաքներում ինչ-որ «օպեռների» զեկուցագրերի տեքստերի և ոչ թե քաղաքական գնահատականներով, քաղաքական որոշումների հետ, քանի որ այն մանրակրկտությամբ, ինչ-որ Իշխան Սաղաթելյանից մեջբերումներ էին արվում ու նկարագրվում, վառ ցույց էր տալիս, որ գործ ունենք ոստիկանական հաղորդագրությունների ծաղկաքաղի հետ։ Սակայն գնահատելի էր, որ «Դիմադրության» շարժման հանրահավաքներին Սաղաթելյանի կողմից իշխանական պատգամավորներին տրված բազմաթիվ գնահատականներ այսօր զեկուցագրերով հնչեցրեցին նաև Ազգային ժողովի նիստի ժամանակ։

ԱԺ դահլիճում այսօր չեղավ գեթ մեկ հարց, ելույթ, հետևաբար, կարելի է ենթադրել` իշխանությունն այս մարդկանց ծառայեցնում է որպես կոճակ սեղմողների»։

Հարցին՝ այն մթնոլորտը, որը ձևավորվել է ԱԺ-ում ընդդիմության նկատմամաբ և այն, որ «Հայաստան» դաշինքի երկու պատգամավոր արդեն պաշտոնազրկվել է, նպատակահարմար համարո՞ւմ է «Հայաստան» դաշինքն այդ պայմաններում շարունակել իր գործունեությունը, Մանուկյանը ընդգծեց․

«Այդ մթնոլորտն առաջին օրը, կամ երկրորդ օրը չէ, որ ձևավորվել է, սա 2021 թվականի օգոստոցի 2-ից էր, բայց պատգամավորական գործունեությունը մենակ ԱԺ դահլիճում չի, ավելի լայն է, որն էլ այս պահին իրականացնում են մեր դաշինքի անդամները»։

Դեռ ընդդիմության հանրահավաքների ժամանակ Սաղաթելյանը հայտարարել էր, որ իրենք ԱԺ գալու են իրենց օրակարգով, հարցին՝ սրանից արդյոք կարելի՞ է ենթադրել, որ մինչ այս «Հայաստան» դաշինքը առաջնորդվում էր իշխանության օրակարգով, կամ առաջ էր տանում այդ օրակարգը, Մանուկյանն արձագանքեց․

«Իշխանությունը պետք է օրակարգ ունենա, որ այդ օրակարգն էլ քննարկվի, իշխանությունը բավարարվում է ուղղակի սեփական իշխանությունն ամրապնդելու կոսմետիկ ինչ-որ ձևափոխումներով և յուրայիններին այս կամ այն պաշտոններում նշանակելով»։

Գեղամ Մանուկյանն այսպես արձագանքեց այն հարցին, թե հանձնաժողովի նիստերից բացակայելու համար հնարավո՞ր է իրեն ևս հեռացնեն.

«Թող փորձեն հեռացնել, փորձեն իրավական ընթացք տալ, դրանից հետո կհասկանանք»։

Մերի Գևորգյան