Փաշինյանի «ֆեյսբուքչին»

Փաշինյանի «ֆեյսբուքչին»

 

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն է, ով «կաշվից դուրս» է գալիս՝ «կենսունակ» դարձնելու համար Նիկոլ Փաշինյանի թեզերը, որոնք պատերազմի պարտության «մեղավոր» են կարգում «նախկիններին»։

«Հրեշտակ» Փաշինյանը, «բոբո» «նախկինները»

Տարոն Չախոյանը երակարաշունչ ֆեյսբուքյան գրառում է կատարել, որի ավարտին՝ դիմելով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, գրել է․ «Ձեր վարած բանակցություններից զինված Ադրբեջան էլ ստացանք, պատերազմ էլ ստացանք ու պետության ներսում պետության դեմ գործող մեկից ավելի գործակալական ցանց ստացանք»։

Չախոյանը նոր բան չի ասում, կրկնում է գործող իշխանության հին «բարի» թեզը, թե պարտությունը Փաշինյանի գրպանը «գցել» են «նախկինները»։ Այս թեզի նպատակն ակնհայտ է՝ պարտության հարցում Փաշինյանն իբրև թե մեղավոր չէ ու մեղավորներ պետք է փնտրել «նախկինների» ու գեներալիտետի շրջանակում։
Բացարձակ կեղծիք է։

Հեղափոխությունից հետո Փաշինյանից երբևէ չենք լսել, թե նա ստացել է բանակցային վատ ժառանգություն, գործող վարչապետը երբեք չի խոսել այնպիսի իրավիճակի մասին, որը Հայաստանին պարտադրում է ցավոտ զիջումներ կամ փոխզիջումներ։ Հակառակը՝ Փաշինյանը հանդես էր գալիս «ոչմիթիզական» դիրքերից, մերժում էր կարգավորման բոլոր տարբերակաները։ Այլ խոսքով, Փաշինյանը լեգիտիմացրել է պատերազմ սանձազերծելու Բաքվի պլանները։ Պատերազմից առաջ Փաշինյանը տապալել է դիվանագիտությունը, պատերազմի ընթացքում՝ դրա արդյունավետ կառավարումը։ Նոյեմբերի 9-ը Փաշինյանի քաղաքականության հետևանքն է, որի համար նա կրում է ամբողջական պատասխանատվություն։

Չախոյանի միակ «արժանիքը»

Տարոն Չախոյանի մասին երկար գրել չարժե։ Միայն այն փաստը, որ նա իշխանության վերնախավում հայտնվել է՝ Նիկոլ Փաշինյանին գովերգող ստատուսների շնորհիվ, նրա կերպարի մասին ասում է գրեթե ամեն ինչ։ Մնացած դատողությունները թողենք ընթերցողին։

Վահրամ Բագրատյան