Բորիս Ջոնսոնը տուգանվել է լոքդաունի ժամանակ երեկույթներ կազմակերպելու համար

Բորիս Ջոնսոնը տուգանվել է լոքդաունի ժամանակ երեկույթներ կազմակերպելու համար

Լոնդոնի ոստիկանությունը տուգանքներ է գրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին եւ Բրիտանիայի գանձապետարանի կանցլեր Ռիշի Սունակին կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված հակաքովիդային սահմանափակումները խախտելու համար։ 2020թ. հունիսի 19-ին Ջոնսոնն իր ծննդյան օրը նշել էր կառավարության շենքում երեկույթ կազմակերպելով՝ խախտելով իր իսկ հայտարարած լոքդաունը։

Ինչպես հայտարարել է Բրիտանիայի կառավարության ղեկավարն ապրիլի 12-ին, նա արդեն վճարել է տուգանքը եւ ներողություն խնդրել կատարվածի համար։ «Պետք է ասեմ ամենայն անկեղծությամբ. այն ժամանակ չէի մտածել, որ դա կարող է կանոնների խախտում լինել։ Բայց, իհարկե, ոստիկանությունը հակառակն է սահմանել, եւ ես լիովին հարգում եմ նրանց հետաքննության արդյունքները», - ասել է Ջոնսոնը BBC-ի հարցազրույցում։

Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետն է, որին ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ պատժել են օրենքը խախտելու պատճառով։ Ընդ որում՝ հրաժարական տալ, ինչպես պահանջում էր ընդդիմությունը, նա հրաժարվել է։