Հայկ Մարությանը զբաղված է մոնոներկայացմամբ, իսկ կուսակցությունը՝ կայացմամբ․ ի՞նչ են ծրագրում «Նոր ուժում»

Հայկ Մարությանը զբաղված է մոնոներկայացմամբ, իսկ կուսակցությունը՝ կայացմամբ․ ի՞նչ են ծրագրում «Նոր ուժում»

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ այս տարի հասցրեց կուսակցություն հիմնել, և խոստանում էր նաև քաղաքական պրոցեսներ սկսել, օրերս հայտարարեց ոչ թե քաղաքական պրոցեսի, այլ Սունդուկյանի անվան թատրոնում նոր մոնոներկայացման պրեմիերայի մասին։

Մինչդեռ, նա դեռ քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցներում խոստացել էր, որ սեպտեմբերին տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ է սկսելու, ինչպես հեռավոր 2013-ին էր։

Մարությանի «Նոր ուժ» կուսակցության վարչության անդամ Արամ Թորոսյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ աշնանը չեն լինի, քանի որ քաղաքապետարանը հետաձգել է տրանսպորտի թանկացման հարցը։

«Ինչպես գիտեք, տրանսպորտի թանկացման որոշումը հետաձգվեց, ինչ վերաբերում է մեր կուսակցության ակտիվությանը, մենք հիմա սկսել ենք կամաց-կամաց աշխատանքներ տանել, մարդկանց, բնակիչների հետ հանդիպումներ անցկացնել, և ավելի կակտիվանանք։ Կարծում եմ՝ կուսակցությունը դեռ պիտի կայանա։ Իսկ ակցիաներ անպայման կանենք և այդ մասին նախապես կտեղեկացնենք»,- ասաց Արամ Թորոսյանը։

-Իսկ Հայկ Մարությանի քաղաքական ակտիվությունը դրսևորվում է միայն նոր մոնոներկայացում բեմադրելո՞վ, թե՞ իսկապես քաղաքական ակտիվությամբ էլ է հանդես գալու։

-Հայկ Մարությանի քաղաքական ակտիվությունը քաղաքական ակտիվություն է լինելու, իսկ Հայկ Մարությանի բեմադրությունն իր ստեղծագործական գործունեությունն է։

-Բայց իր ներկայացումներում քաղաքական երանգ կա, ամեն դեպքում։

-Դե,  քաղաքական երանգ ունենալը՝ ներկայացում կլինի, թատրոն կլինի, կինո, թե դոկումենտալ ֆիլմ, դա կարող է լինել, բայց դա չի արվում քաղաքական նպատակով։ Դա ստեղծագործող մարդու գործունեություն է, և մոնոներկայացում, որի մեջ ինքն իրեն գտել է, ես կարծում եմ՝ շատ ողջունելի է։

-Իսկ դուք՝ ձեր քաղաքական ուժը, այլ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ ունենո՞ւմ եք այս շրջանում։

-Ինքս իմ մասով, որքանով որ ես եմ տեղյակ՝ ոչ, ինչ-որ հրապարակումներ կան, եթե որոշակի հստակ գործունեություն լինի, կամ հստակ կոնսուլտացիաներ լինեն կամ որոշումներ լինեն, բնականաբար, հո մենք մեզ չե՞նք պահելու, անպայման կասենք։ Բայց էդպիսի ինչ-որ բաներ հիմա չկա։

-Դուք այդ քաղաքական ակտիվությունը սկսելու եք՝ պատրաստվելու 2026 թվականի հերթական ընտրությունների՞ն, թե՞ դիտարկում եք նաև արտահերթ ընտրությունների սցենարը։ 

-Տեսեք, մեր՝ բավականին երկար ու շատ մանրակրկիտ աշխատանքի արդյունքում գրանցվել է կուսակցություն, որը, հուրախություն մեզ, շատ գրագետ է կազմակերպված եղել, բայց կուսակցությունը թղթի վրա գրանցելը մի բան է, իրական, կայացած ունենալը այլ բան է։ Դուք ավելի լավ կիմանաք, թե Հայաստանում քանի գրանցված կուսակցություն ունեք, որոնցից կայացած են, երևի թե, տասը կուսակցություն։ Հիմա մենք ուզում ենք, որ մեր կուսակցությունը թղթի վրա գրանցած կուսակցություն չլինի, այլ կայացած կուսակցություն լինի։

-Իսկ ի՞նչ եք անում կայանալու համար։

-Էդ ամեն ինչը երկար պրոցես է, ես հույս ունեմ, որ երբ մենք մեր ծրագրերը կներկայացնենք կամ միշտ պատրաստ կլինենք շատ ավելի մանրակրկիտ որևէ ծրագրի շուրջ խոսելու, ոչ թե ընդհանուր բառերով․․․ էդ ամեն ինչը գիտելիք է, կարդացվածություն է, խորանալ է, ժամանակ է, ռեսուրս է։

-Դուք նաև ավագանու անդամ եք, չէ՞, ու խմբակցության ղեկավարն էիք։

-Այո, բայց ես իմ աշխատանքային զբաղվածության պատճառով չկարողացա էն աստիճանի էֆեկտիվ ղեկավարել խմբակցությունը, ինչքան ես կուզեի, և խնդրեցի, որ ինձ ժամանակ տրվի, որովհետև ես ուրիշ գործունեությամբ էլ եմ զբաղվում, և դուրս եկա։

-Իսկ ինչո՞վ եք զբաղվում։

-Ես ֆիլմարտադրող եմ։ Օրինակ՝ Արցախի մասին, Հայաստանի մասին ենք դոկումենտալ ֆիլմեր նկարել և ոչ միայն։

-Ամեն դեպքում, մենք այս աշնանը Հայկ Մարությանին բացի թատրոնի բեմից, այլ հարթակներում էլ կտեսնե՞նք։

-Դա պետք է իրեն հարցնեք։ Քաղաքական ակտիվության կամ ինտերվյուների տեսակետից չեմ կարող ասել, բայց, ամեն դեպքում, ես Ձեզ կարող եմ վստահեցնել, որ կուսակցությունն ինքնին աշխատում է, քննարկումներ գնում են, և չեմ ասում՝ հենց սեպտեմբերին, բայց հետզհետե կզգաք ակտիվությունը։

Վահե Մակարյան