Հայաստանի իշխանությունն Արցախը հանձնեց Ադրբեջանին․ Պարգև Սրբազան 

Հայաստանի իշխանությունն Արցախը հանձնեց Ադրբեջանին․ Պարգև Սրբազան 

Արցախում ստեղծված վիճակի, արցախահայերի ցեղասպանության և այս վիճակի մեղավորների մասին MediaHub.am-ը զրուցել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։

- Սրբազա՛ն հայր, ինչպե՞ս կմեկնաբանեք Արցախում ստեղծված վիճակը, հայկական երկրորդ պետությունում կատարվողն ի՞նչ է։ 

- Պահն օրհասական է, ցավալի է, դաժան։ Ցավն այն է, որ միջազգային հանրությունը լռում է, երբ աշխարհի աչքի առջև կատարվում է ցեղասպանություն։ 

- Եկեղեցին ի՞նչ կարող էր անել, որ չի արել, կամ դեռ պետք է անի՝ փրկելու Արցախն ու արցախահայությանը։ 

- Ես չեմ կարծում, որ եկեղեցին իր ձեռքի տակ այնպիսի հզոր լծակ ունի, որ կարողանար փրկել։ 

- Իսկ Հայաստանի իշխանությո՞ւնը, Արցախի իշխանությո՞ւնը։ 

- Գիտեք, մեր Հայաստանի իշխանությունը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի տարածք, դրանով, ցավոք սրտի, հանձնեցին Արցախը Ադրբեջանին։ Այդքան բան։ 

- Դատապարտելի չէ՞։ 

- Ինքներդ եզրակացություն արեք։ Դա այնքան պարզ բան է, որ մեկնաբանելու բան չէ։ 

- Ի՞նչ կոչ ունեք արցախցուն։

 - Ծանրագույն վիճակ է, կատարյալ ցեղասպանություն է կատարվում։ Աստված մեր արցախցիներին օգնության հասնի։ Կատարյալ ցեղասպանություն է, ու քաղաքակիրթ աշխարհը լռում է․․․։ Ես մի բան էլ գիտեմ, որ մեր քաղաքական իշխանությունը այնքան զգուշավոր պետք է լիներ, ու ապագայում էլ պիտի լինի, որ ամեն խոսք, որոշում ու քայլ կշռադատված լինի։ Ամեն խոսք ոսկու գին ունի՝ բանավոր լինի, թե գրավոր։ Միջազգային քաղաքականության մեջ վտանգավոր է, եթե բացթողումներ ես անում։ Հետևանքներն էլ կարող են ծանր լինել։ Դրա համար ամեն ինչ պետք է մտածված լինի։

- Ցավալիորեն, մենք ունեցանք այդ բացթողումները։ 

- Այո՛, դրա համար էլ էդպիսի հետևաքներ ենք քաղում այսօր։ Գիտեք, մենք կարող ենք շատերից նեղանալ՝ Արևմուտք, թե ՌԴ, բայց առաջին հերթին մենք մեզնից պետք է նեղանանք։ Մենք սխալներ շատ ենք արել ու անում ենք։ Պիտի զերծ մնանք սխալ որևէ խոսքից, քայլից ու որոշումից։ Գիտեք, ես մի գաղտնիք գիտեմ՝ եթե ազգը համախմբվում է, միաբանվում է, հաջողություններ է ունենում։ Եթե ազգը չի միաբանվում մի նպատակի շուրջ, հետևանքները ողբերգական են միշտ լինում։ Մեզ պետք է ազգային միաբանություն։ Այդ ժամանակ կարող ենք հաջողություններ ունենալ։

 - Իսկ այդ միաբանողը, համախմբողն ու առաջնորդողը ո՞վ պետք է լինի։ 

- Էլիտան։ 

- Մեր էլիտան Ձեր գնահատմամբ այդպիսի՞նն է։ 

- Ցավոք սրտի՝ ոչ։ 

Նարե Գնունի