Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց, որ ինքն այլևս Արցախի հարցով չի զբաղվում․ Դավիթ Գալստյան

Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց, որ ինքն այլևս Արցախի հարցով չի զբաղվում․ Դավիթ Գալստյան

2022թ. սեպտեմբերի 22-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանում, ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման առնչությամբ խոսելիս Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ միայն այնտեղ ապրող հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման հարցին: 

Ի՞նչ են մտածում այս մասին արցախցիները․ թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցեց Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ։ 

Նրա խոսքով՝ Փաշինյանի այդ ելույթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նա ծրագիր է իրականացնում, որով փորձում է Արցախը բռնակցել Ադրբեջանին։ 

«Երբ Արցախից մենք ահազանգում էինք, որ Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, հենց նմանատիպ ելույթներից էինք խոսում, երբ Փաշինյանը պատեհ-անպատեհ փորձում էր հաճոյանալ իր գործընկերներ Ալիևին ու Էրդողանին։ Այս ամենը խոստովանություն է, որ ինքն այլևս Արցախի հարցով չի զբաղվում, չի էլ պատրաստվում զբաղվել»,- նշեց պատգամավորը։

Դավիթ Գալստյանի կարծիքով՝ այս ամենից հետո մտածելը, թե կարելի է հույս կապել Փաշինյանի հետ, և որ ինքը կարող է որևէ դրական քայլ կատարել, իրատեսական չէ։ Դիտարկմանը, որ Արցախի նախագահի վերջին ուղերձից հետո էլ վերլուծաբանները տարբեր հարթակներում հայտարարեցին, որ Արայիկ Հարությունյանը ջուր է լցնում Փաշինյանի ջրաղացին՝ նոր ու ավելի ծանր պատերազմի վտանգներից խոսելով, Դավիթ Գալստյանն արձագանքեց՝ Արցախի նախագահը պետք է նշեր, որ Փաշինյանի իշխանությունն ու վարած քաղաքականությունն է բերելու այդ նոր պատերազմը։ 

«Ախր պետք էր հասկանալ, որ հրաժարվելով Արցախից, Ադրբեջանի ախորժակն ենք շատ ավելի մեծացնում, և թշնամին Արցախով չի բավարարվելու։ Մենք դա տեսնում ենք Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության մեջ։ Եվ եթե Արայիկ Հարությունյանը ասում է՝ պատերազմ է լինելու, դա չի նշանակում, որ դա բացարձակ ճշմարտություն է։ Նա, եթե ճիշտ մեկնաբաներ, ապա պետք է ասեր, որ Նիկոլ Փաշինյանի վարած այս քաղաքականության հետևանքով ենք ունենալու նոր պատերազմ։ Բայց երեևի Արայիկ Հարությունյանը կաշկանդված է Նիկոլ Փաշինյանից, և ավելի մեղմ է խոսել»,- նշեց Դավիթ Գալստյանը։ Պատգամավորը նկատեց՝ հաշվի առնելով Հայաստանի իշխանության հռետորաբանությունը, այո՛, պետք է ասել, որ մենք դեռ շատ դժվար օրեր ենք ունենալու։ Բայց և այնպես, Դավիթ Գալստյանը վստահություն հայտնեց, որ հայությունը ոտքի է կանգնելու և թույլ չի տալու Արցախը բռնակցել Ադրբեջանին։ 

«Հայ ազգը շատ ավելի զգայուն է նման հարցերում, և դա ևս մեկ անգամ ապացուցվեց, երբ Փաշինյանը ցավալի որոշումների ընդունման մասին խոսեց։ Մենք տեսանք հայ ազգի պոռթկումը, որը հետ պահեց Փաշինյանին նման որևէ քայլի գնալուց։ Այսօր ես համոզված եմ՝ հայ ազգը թույլ չի տալու, որ Արցախը կործանվի։ Ու պահը հասունանալու է, մարդիկ ասելու են իրենց վճռորոշ խոսքը՝ անկախ նրանից, թե դա ում կանհանգստացնի՝ Ադրբեջանի՞ն, Թուրքիայի՞ն, թե Փաշինյանի իշխանությանը»,- եզրափակեց խոսքը Դավիթ Գալստյանը։

Նարե Գնունի