Խաղա՞նք․ Այո կամ ոչ

Խաղա՞նք․ Այո կամ ոչ

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում։ Թեև նա մեծացել է ռուսալեզու միջավայրում և սովորել ռուսական դպրոցում, բայց տիրապետել է թե' հայկական, թե' ռուսական մշակույթի այբուբենին։

Դպրոցական տարիներին հրապուրվել է թատրոնով ու կինոյով, իսկ դպրոցն ավարտելուց հետո (1952 թ. -ին) ուղևորվել Մոսկվա և փորձել ընդունվել ԳԻՏԻՍ (ռուս.՝ ГИТИС - государственный институт театрального искусства)։ Ինստիտուտ ընդունվել նրան չի հաջողվել և, վերադառնալով Երևան, Ա. Ջիգարխանյանն աշխատանքի է ընդունվել «Հայֆիլմ» կինոընկերությունում՝ որպես օպերատորի օգնական։ 1953-1954 թթ. նա աշխատել է «Հայֆիլմ»-ում որպես օպերատորի օգնական։

1954 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։

Առաջին անգամ դերասանը բեմ է բարձրացել 1955 թվականի հունվարին՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Վ. Գուսևի «Իվան Ռիբակով» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ։

1967 թվականին Անատոլի Էֆրոսը դերասանին հրավիրում է Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի անվան թատրոն, իսկ 1969 թվականին Ջիգարխանյանը սկսում է խաղալ Անդրեյ Գոնչարովի մոտ Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան թատրոնում։

Կինոյում դերասանը իր նորամուտը նշել է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերել է նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։

Ջիգարխանյանը կերտել է այնպիսի դերեր, ինչպիսիք են դարբին վարպետ Մուկուչը «Եռանկյունի»-ում, Լևոն Պողոսյանը «Երբ գալիս է սեպտեմբերը» դրամայում, շտաբս կապիտան Օվեչկինը Էդմոնդ Քեոսայանի հանրահայտ «Անորսալիների նոր արկածները» ֆիլմում, չեկիստ Արտուզովը «Տրեստ օպերացիան» հեռուստատեսային ֆիլմում, էսսեր Պռոշյանը «Հուլիսի վեցը» պատմական ֆիլմում, Միխայիլ Ստիշնոյը «Փոքրիկ կռունկ» ֆիլմում։ Բացասական կերպարի դերակատարումներից հանդիսատեսի մոտ առավել հիշարժան է «Սև կատու» ավազակախմբի կուզիկ պարագլուխ Կարպի դերակատարումը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում։