Վագիֆ Խաչատրյանի գերության մեկ տարին. ընտանիքը վերադարձի հույսը չի կորցնում
2023թ․ հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտ տեղադրված ապօրինի անցակետում ադրբեջանցիներն առևանգեցին Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին՝ մեղադրելով, թե իբր 1991-ին նա հանցավոր խումբ է ստեղծել և մասնակցել ցեղասպանական գործողությունների։ Իսկ արդեն 2023-ի նոյեմբերին իրենց կողմից առաջ քաշած մեղադրանքը հիմք ընդունելով՝ Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման է դատապարտել։
Առևանգման դեպքից մեկ տարի է անցել։ MediaHub-ի հետ զրույցում Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերան ասաց, որ հոր վերադարձի հույսն այնուամենայնիվ չի մարում։
«Անցած մեկ տարվա ընթացքում չի եղել մի կառույց կամ հավանական կազմակերպություն, որ դիմած չլինենք։ Բայց, ինչպես բոլոր գերեվարվածների դեպքում, հորս գործով էլ ամեն ինչ գնում է ընթացակարգով։ Հիմա մեր հույսն արդեն խաղաղության պայմանագիրն է։ Ճիշտ է, շատերը վերապահումով են խոսում այդ մասին, բայց ես կարծում եմ, որ դրա ստորագրումը կնպաստի գերիների վերադարձին»,- ասաց նա։
Բաքվի բանտում պահվող Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն են տալիս ամիսը մեկ անգամ զանգել հարազատներին։ Կարմիր խաչի միջնորդությամբ նաև տեսանյութերով են փոխանակվում։
«Պահման պայմանները լավ են, օրական 5 անգամ դեղորայք են տրամադրում, սնունդը հատկացնում են ժամանակին։ Զանգելու ընթացքում էլ հասկանում ենք, որ, կարծես, վատ չեն վերաբերվու, բայց չգիտեմ՝ ինչի՞ համար են պահում»,- հավելեց Վերա Խաչատրյանը։
Հունան Թադևոսյան