Մեր գաղթը նման էր 109 տարի առաջ մեր հայրենակիցների գաղթին. մենք Հակարիով անցանք, իրենք՝ Դեր Զորով

Մեր գաղթը նման էր 109 տարի առաջ մեր հայրենակիցների գաղթին. մենք Հակարիով անցանք, իրենք՝ Դեր Զորով

«Ցեղասպանության վտանգը ես զգացի 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ոչ թե ընթացքում, այլ հետո։ Անվտանգության նկատառումներով պայմանավորված մենք տարհանվել ու եկել էինք Հայաստան, նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն ստորագրվեց։ Մենք, գիտակցելով վտանգը, զինադադարից հետո գնացինք Արցախ, երբ հայրենիքի մի մասը գրավված էր, մյուս մասն էլ այդ համաձայնագրով պիտի հանձնվեր»,- MediaHub-ին պատմում է Հաթերք գյուղի բնակիչ, ուսուցչուհի Սուսաննա Աբրահամյանը։

Նոյեմբերի 24-ին նա տեղափոխվել է հայրենի Հաթերք, հաջորդ օրն ադրբեջանցիներն իրենց վերահսկողության տակ են վերցրել ամբողջ Շահումյանի շրջանը, փակվել է Վարդենիս-Մարտակերտ միջպետական ճանապարհը։ 

«Ցավոք, 2020-ից հետո թշնամու ախորժակն ավելի էր բացվել, շարունակաբար հոխորտում էին, թե «բանակը պետք է զինաթափել»։ Իսկ զենքը վայր դնել նշանակում է ցեղասպանվել։ Այդպես էր նաև Արևմտյան Հայաստանում։ Սկզբից զենք կրելու ունակ տղամարդկանց էին վերացրել կամ ձերբակալել, մի մասին՝ զինաթափել, հետո՝ սկսել սպանդը խաղաղ բնակչության դեմ։  2020 թվականի մեր պարտությունից հետո թշնամին մեզ խոստումներ էր տալիս, թե «նոր ճանապարհ ենք կառուցում Լաչինի միջանցով», հետո հեշտությամբ մեզ բլոկադայի մեջ առան։ Այդպիսի կեղծ խոստումներ 1915-ին երիտթուրքերն են տվել մեր հայրենակիցներին, ապա սրախողխող արել՝ առանց խնայելու նրանց սեռն ու տարիքը։ Այսինքն՝ ցեղասպանությունն առ այսօր էլ շարունակվում է»,- պատմության զուգահեռներ է անցկացնում Աբրահամյանը։ 

Մեր զրուցակցի պատերազմը վերսկսվել է դեկտեմբերի 12-ին, երբ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհը։ 

«Մի կողմից մեզ պարտադրում էին, մյուս կողմից ըմբոստանում էինք։ Քանի-քանի անգամ ենք դուրս եկել հրապարակ, միասնականություն խորհրդանշող բռունցք բարձրացրել, գոռացել՝ «կանխե՛ք նոր ցեղասպանությունը, տե՛ր կանգնեք մեր իրավունքներին, փրկե՛ք մեզ թուրք-ադրբեջանական եղբայրության նոր սպանդից»։ Համատարած լռությունը հանգեցրեց նրան, որ եղավ դա»,- ասաց նա։

Սուսաննա Աբրահամյանի համար, որ ակամա ականատես է եղել բոլոր պատերազմներին, հերթականը սկսվեց սեպտեմբերի 19-ի կեսօրին Հաթերքի հուշահամալիրում։ Ազատամարտում զոհված Վալերիի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանն էին, երբ ադրբեջանցիները սկսեցին հրթիռակոծել նաև Արցախի ամենամեծ գյուղական բնակավայրը։

«Պատկերացրեք, մոտ 300 աշակերտ և ուսուցիչներ, համագյուղացիներ այնտեղ էինք ու առաջին բանը, որ պետք է անեինք, նրանց տարհանում էր։ Աշակերտների մի մասը դպրոցից տուն էր գնում, նրանք մտել են տարբեր տների ապաստարաններ, մեկը մյուսից լուր չուներ, մի անբացատրելի իրարանցում էր»։ Մեր զրուցակցի համար սարսափելին գյուղը լքելու օրն էր, սեպտեմբերի 20-ը։ Հիմնական ճանապարհն անցնում էր Գետավանով, որ նախորդ գիշերվանից արդեն հսկում էր ադրբեջանական բանակը։ Դրա համար հաթերքցիները նախընտրել են անցնել գետամիջով։

«Այնքան ուժեղ, առողջ ու երիտասարդ տղամարդկանց կորուստը նույնպես մեծ ցեղասպանություն է, նրանցից ամեն մեկը մեր վաղվա գերդաստանների նահապետները պիտի դառնային։ Ցեղասպանվեցին, դատարկվեց Արցախը, իսկ կենդանի մնացածներս ակամայից դարձանք այդ ամենի ականատեսը,  կոտրվեցինք, հուսալքվեցինք։ Այդ տեսարանները մեզ ծանոթ էին ցեղասպանությանը նվիրված ֆիլմերից։ Տներից ոչինչ վերցնել չկարողացանք։ Նախընտրեցինք մեկս մյուսին օգնել, քան ունեցվածքը տեղափոխել, մի գրամ բենզինը փրկություն էր։ Մեզ բերեցին օդանավակայանի տարածք։ 2 օր հետո Երևանում ուսանող աղջիկս զանգեց, ասաց, որ իրավիճակի ելքն Արցախի հայաթափումն է, և որ ադրբեջանական ալիքները, հղում անելով իրենց նախագահին, ասում էին՝ Հակարիի կամրջով ճանապարհ են բացում դեպի Հայաստան։ Մեր գաղթը նման էր 109 տարի առաջ մեր հայրենակիցների գաղթին, մենք Հակարիով անցանք, իրենք՝ Դեր Զորի անապատով։ Դեր Զորը և նրա շրջակա անապատը երիտթուրքական կառավարության ընտրությամբ դարձան Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ շրջաններից տեղահանված հայ գաղթականների համակենտրոնացման վայր»։

Տիկին Սուսաննան այսօր գործընկերների հետ օրը սկսել է Աբովյան քաղաքի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրից։ Ցեղասպանությունը սեփական աչքերով տեսած կինը ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակին, աղոթել, որ այն այլևս երբեք չկրկնվի։ 

Հունան Թադևոսյան