Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․  կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Վերին Խոտանան գյուղի վարչական տարածքում իրանական համարանիշներով ավտոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 20-ից ավելի վիրավորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները, պարեկները ու քաղաքացիները։

Վթարի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Սյունիքի մարզի դատախազը։

Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Կան նաև տեղեկություններ, որ հնարավոր է մահացածների թիվը ավելին է։