«Հրապարակ» թերթը գրում է.
Քաղբանտարկյալների հարցով ընդդիմադիրների հրավիրած լսումներին երեկ գլխավոր դատախազը չէր ներկայացել: Լսումները բոյկոտել էին նաեւ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանները, որոնց եւս հրավիրել էին` ներկա գտնվելու կամ ներկայացուցիչ ուղարկելու։ Լսումներին մասնակցում էր միայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով մասնագետ Լիլիթ Օհանյանը, որը, նիստերի դահլիճում նստած, հետեւում էր լսումներին։
Փաստորեն, ժողովրդավարական արժեքների ջատագով հռչակված ԵՄ անդամ պետությունների դեսպանները ոչ միայն իրենք չեն հետաքրքրվում քաղաքական հետապնդումներով եւ չտեսնելու են տալիս Հայաստանում բռնություններն ու ապօրինությունները, այլեւ անգամ նման քննարկումներին չեն մասնակցում` բացահայտորեն ցույց տալով, որ կողմ են այս իշխանությունների վարած քաղաքականությանը, եւ նրան քարտ-բլանշ են տվել երկրում բռնապետություն հաստատելու ճանապարհին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը` ՔՊ վարչությունը, ամենօրյա ռեժիմով քննարկում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների բոլոր «սցենարները»: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, Փաշինյանի համար, նախ, կարեւոր է նախընտրական ցուցակը, որը պետք է կազմվի՝ անձին ուսումնասիրելուց, բարեվարքությունը պատշաճ ստուգելուց, մի խոսքով՝ հատիկ-հատիկ քննելուց հետո:
Ըստ մեր աղբյուրների՝ դեռեւս երկար ժամանակ է պահանջվելու, մինչեւ Փաշինյանը «կզտի» ցուցակն ու կթողնի այն անձանց, ովքեր պետք է իր հետ ընտրությունների գնան:
Ի դեպ, իշխանական վերնախավում համոզված են, որ Սահմանադրական մեծամասնություն են կազմելու, եւ որ ոչ մի խոչընդոտ կամ ուժ չկա, որ կկարողանա իրենց հետ մրցել:
Մեր տեղեկություններով՝ բացի խորհրդարանական ընտրությունների կաեւորությունից, Փաշինյանի համար թիվ մեկ թեման Կաթողիկոսին հեռացնելն է, որը, ըստ իշխանական մեր աղբյուրների, առաջիկայում իրագործվելու է: Այդ հարցը շատ արագ լուծելու են. մշակված պլանով առաջ են գնում»։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ, կարելի է ասել, բավական ծանր հայտ ներկայացրեց Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Նա հաջողացրեց իր քաղաքական ընթացքը լրջորեն ձախողելու հիմքեր դնել՝ դեռ կարգին չսկսկած:Բացի այն, որ տարիներ շարունակ ՄԻՊ աշխատած մարդը պատրաստ է որևէ պաշտոնյայի «վիզ կտրել», անկախ նրանից, թե նա ինչ է արել, Թաթոյանը նաև քաղաքական առնվազն տարօրինակ հայտարարություններ արեց: Դրանցից մեկը վերաբերում էր նրան, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահները պետք է դուրս գան 2026 թ. ընտրապայքարից: Մենք ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ ով էլ լինի, եթե իրապես ընդդիմադիր դաշտում է իրեն պատկերացնում, առնվազն պետք է զերծ մնա «նախկինացավից», որևէ այլ ընդդիմադիր ուժի կամ գործչի՝ քաղաքական դաշտում լինել-չլինելու, ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հետ կապված հայտարարություններից:
Ինչպես բազմաթիվ փորձագետներ ու քաղաքացիներ երեկ հասցրին արտահայտվել, սա ուղիղ «նիկոլական նարատիվ» է: Ավելին, հենց Նիկոլ Փաշինյանին է պետք, որ ամեն կերպ խոչընդոտի քաղաքական հիմնական ակտորների մասնակցությունը, որպեսզի հեշտությամբ կարողանա վերարտադրվել: Մնացած բոլորը, ովքեր այս թեմայի մեջ են մտնում, ուղղակիորեն ջուր են լցնում նրա ջրաղացին, ավելին՝ կանխավ արդարացնում են հնարավոր միջամտությունները՝ որոշակի ուժերի կամ գործիչների մասնակցությունը խափանելու համար:
Մյուս կողմից, իհարկե, «հասկանալ կարելի է» նրանց, որոնց շատ պետք է քաղաքական դաշտի առաջատար ուժերի հնարավորինս չմասնակցելը, այդ դեպքում իրենք իրենցից գուցե ինչ-որ բան ներկայացնեն: Սակայն հազիվ թե նույնիսկ դա օգնի: Իրականում, եթե որևէ մեկն անկեղծ ցանկանում է, որ Նիկոլ Փաշինյանը չընտրվի, պետք է շահագրգիռ լինի, որ առնվազն մեկ հարցում իրական ընդդիմությունը միասնական լինի: Խոսքը միմյանց դեմ չպայքարելու մասին է...
