Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիեւի կողմից Սեւ ծովում նավերի վրա հարձակումները որակել է ծովահենություն ու խոստացել կոշտ պատասխան միջոցներ։
«Ի՞նչ պատասխան միջոցներ կարող են լինել։ Նախ, մենք կընդլայնենք մեր հարվածների շրջանակը նավահանգստային կառույցների և ուկրաինական նավահանգիստներ մտնող նավերի դեմ», - երեքշաբթի ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Երկրորդ, եթե սա շարունակվի, մենք կքննարկենք այն հնարավորությունը, չեմ ասում, որ դա կանենք, բայց կքննարկենք այն երկրների նավերի դեմ պատասխան միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք օգնում են Ուկրաինային այդ ծովահենության գործողությունները կատարել», - ընդգծեց Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ հարձակումները տեղի են ունենում նույնիսկ ոչ թե չեզոք ջրերում, այլ երրորդ երկրի հատուկ տնտեսական գոտում։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը նախկինում արձագանքել է նմանատիպ հարձակումների, և այդ պատասխանները «շատ ավելի արդյունավետ և հզոր են եղել»։
