MediaHub-ի տեղեկություններով՝ ՀՔԾ նախկին քննիչ, «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանը, որն այժմ փաստաբանական գործունեություն է իրականացնում, ուրբաթ օրը կալանավորվել է։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ խնդիրը ոչ թե այն է, որ նա վերջապես կալանավորվեց Կոմիտասի պողոտայում մահվան ելքով վրաերթ կատարելու համար, ընդ որում ղեկին եղել է ոչ սթափ վիճակում, այլ իրականում պետությունը փորձում է առգրավել Մուշեղյանի բիզնեսը, մասնավորապես նրա անվան հետ կապվող հանքը։
MediaHub-ի հետ զրույցում Քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը հաստատեց կալանավորման մասին տեղեկությունը։
Հիշեցնենք, որ Հրաչյա Մուշեղյանը «Մարտի 1»-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաքննությունը վարող քննչական խմբի ղեկավարն է: ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչը 2019թ. նշանակվեց Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ։ Մուշեղյանը պաշտոնից ազատվել էր պատերազմից հետո, ապա՝ վերադարձել՝ նշանակվելով Հակակոռուպցիոն կոմիտեի կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնում։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ աշխատանքից ազատվելու պատճառը Հրաչյա Մուշեղյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև եղած խորը հակասություններն են հենց Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող խնդրով։ Նշված պաշտոնից ազատվելուց հետո նա փաստաբանական գործունեություն է իրականացնում։
Նշենք, որ Մուշեղյանը եղել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնող քննիչը։ Ի դեպ, Հրաչյա Մուշեղյանի վերաբերյալ մի քրեական գործ, արդեն շուրջ մեկ տարի է, ինչ դատարանում է, վերաբերում է մահվան ելքով վթարի։