Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Հայաստանը պատրաստ է ողջունել ներդրումները, խրախուսել նորարարությունը և ծառայել որպես կամուրջ տարածաշրջանների միջև. ՀՀ էկոնոմիկայի նախարար

Blog Image

Երևանում սեպտեմբերի 30-ին մեկնարկեց Հայաստանի տնտեսական զարգացումներին և առկա խնդիրներին նվիրված միջազգային համաժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված հարցերի վերաբերյալ ելույթներով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, UBS Financial Bank-ի փոխնախագահ և Սիլիկոնյան հովտի խորհրդատու Մարկ Չենյան և այլ բանախոսներ:

 

Մասնակիցների թվում են տարբեր երկրների գործարարներ, ՀՀ-ում գործող դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Կիպրոսից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իտալիայից, Իրանից և Չինաստանից:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, մասնավորապես, նշեց.

 

«Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում՝ Անդերս Վան Ռաֆի համաժողովին, որի անվանումն ինքնին հզոր ուղերձ է այն մասին, որ չնայած տարբերվող պատմությանը, լեզուներին և մշակույթին՝ մենք կարող ենք միավորվել երկխոսության, գործընկերության և միասնության ընդհանուր տեսլականի ներքո։ Այսօր գտնվում ենք մեր տարածաշրջանի պատմության շրջադարձային փուլում։ Հայաստանը վստահորեն շարժվում է դեպի ավելի ինտեգրված, դիմացկուն և բաց տնտեսություն՝ ձգտելով վերականգնել համագործակցությունն ու կայունությունը տարածաշրջանում։ Աշխատելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ավարտելու և «Թրամփի երթուղու», փոխակերպող առևտրային ուղու գործարկման ուղղությամբ, ակնկալում ենք ունենալ հիմնովին նորացված գործարար միջավայր, որը բնութագրվում է ամուր փոխկապակցվածությամբ, լոգիստիկ խոչընդոտների նվազեցմամբ և տարածաշրջանային տնտեսական հնարավորությունների ընդլայնմամբ: Հավատացնում եմ, Հայաստանը յուրահատուկ հնարավորություններ է առաջարկում ներդրողների համար, այդ թվում՝ բարձր որակավորմամբ և տնտեսապես արդյունավետ աշխատուժ, հիմնական շուկաները կապող ռազմավարական դիրք և մասնավոր հատվածի աճին աջակցող քաղաքական կառուցվածք»,- նշեց նախարարը:

Գևորգ Պապոյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է հանձնառու լինել միջազգային համագործակցության զարգացմանը և երկրի դիրքավորմանը՝ որպես առևտրի, նորարարության և կայուն ներդրումների համար հուսալի գործընկեր: Նշվեց, որ վերջին տարիներին առաջնային ուշադրություն է դարձվել թափանցիկ, կանոնների վրա հիմնված և ներդրողների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը. ողջունվում են ինչպես խոշորածավալ նախագծերը, այնպես էլ ձեռնարկատիրությամբ զբաղվելու ջանքերը: Տնտեսության հիմք են դիտարկվում փոքր և միջին ձեռնարկությունները: 

«Արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտի և տաղանդների վրա կենտրոնացած էկոհամակարգի շնորհիվ Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու լոգիստիկայի, ֆինանսների, առողջապահության, արտադրության և այլ ոլորտներում արհեստական բանականության վրա հիմնված լուծումների տարածաշրջանային կենտրոն: Հայաստանը պատրաստ է ողջունել ներդրումները, խրախուսել նորարարությունը և ծառայել որպես կամուրջ տարածաշրջանների միջև»,- ասաց նա։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն անդրադարձավ երեք հիմնական դրույթների:

«Առաջինը շատ կարևոր է. այն վերաբերում է խաղաղությանը: Սա առանձնահատուկ պահ է Հայաստանի համար։ Երկիրն իսկապես նշանակալի առաջընթաց է գրանցում խաղաղության հասնելու ուղղությամբ: Իսկ խաղաղությունը ստեղծում է կայունություն և հնարավորություններ։ Վերջերս կատարված քայլերը ոչ միայն քաղաքական նվաճումներ են, այլև շրջադարձային պահեր են տնտեսությունում: Խաղաղությունը բացում է վստահության դռներ, բացում է սահմանները և ստեղծում կայուն զարգացման հիմք: Այն խրախուսում է ներդրումները, նորարարությունները և ներառական աճը։

Երկրորդ կետը վերաբերում է այն հանգամանքին, որ ապագան պետք է լինի «կանաչ»։ Հայաստանը նույնպես բացվում է կայուն ֆինանսավորման համար, ինչը նույնպես շատ հետաքրքիր և կարևոր է։ Բացի այդ, Կենտրոնական բանկի՝ Կայուն ֆինանսավորման ուղեցույցը կօգնի ֆինանսական ոլորտին որդեգրել պատասխանատու գործելակերպ և մշակել «կանաչ» ֆինանսական ապրանքներ։

Երրորդ կետը վերաբերում է ներառականությանը: Հայաստանի ներուժը սահմանափակված չէ քաղաքային կենտրոններով։ Սա կարևոր պահ է։ Երկիրը կանգուն է նաև իր գյուղական բնակավայրերով, իրենց կյանքը վերականգնող փախստականների տաղանդով և սահմանափակ հնարավորություններով մարդկանց ստեղծագործական մոտեցումներով: Սեռային հավասարությունը նույնպես պետք է լինի մեր ջանքերի կենտրոնական տարրը։ Ամփոփելով՝ թույլ տվեք ասել հետևյալը։ Ինձ դուր է գալիս մտածել, որ Հայաստանը ծաղկի նման է՝ ծաղկում և բացվում է»,- նշեց նա։

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանն էլ նշեց, որ այս հարթակը տարիների ընթացքում նպաստել է նոր տնտեսական կամուրջների ձևավորմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանը:

«Այն ապացուցում է, որ պետությունների, բիզնեսի և միջազգային կառույցների համատեղ աշխատանքը կարող է ստեղծել կայուն զարգացման հիմք նույնիսկ ամենախոցելի տարածաշրջաններում: Հայաստանի համար մեր ժամանակների ամենամեծ արժեքը վստահության վերակերտումն է, ինչն անում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին շրջանում: Այսօր պետությունների ուժը չափվում է ոչ միայն քաղաքականությամբ, այլև այն մասնավոր հարթակներում, որոնք համախմբում են լավագույն մտքերն ու նախաձեռնությունները: Առանց գործարար համայնքի գործուն մասնակցության հնարավոր չէ կառուցել մրցունակ և կայուն տնտեսություն: Մեր գործարարները ոչ միայն տնտեսական ակտիվ շարժիչ ուժ են, այլ պետության վստահելի գործընկերները: Հայաստանի Հանրապետությունը միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի միջոցով պատրաստ է լինել վստահելի և երկարաժամկետ գործընկեր»,- ասաց նա:

Մարիամ Մանուկյանն ընդգծեց, որ ֆորումը կարևորում է նաև մարդկային ներուժը՝ որպես ամենամեծ հարստություն: Այն նաև ընդգծում է սոցիալական բաղադրիչը՝ կարևորելով նախաձեռնությունները, որոնք աջակցում են խոցելի խմբերին, մասնավորապես, Աուտիզմային ազգային հիմնադրամին:

Send