Շենգավիթի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը գրել է․
«Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։
Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։
Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»։
Հիշեցնենք, 2025-ի հունիսին Մկրտչյանը ձերբակալվել է Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու և նրա ազատությունը սահմանափակելու համար: Ըստ մամուլի՝ Մակարյանը քննադատել է Մկրտչյանի աշխատանքային գործունեությունը, առաջարկել է ՔՊ նիստին քննարկման առարկա դարձնել նրա աշխատանքը, ինչը դուր չի եկել Մկրտչյանին:
Այսօր հայտնի դարձավ, որ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոցը փոխել է` կիրառելով վարչական հսկողություն, համակցված` բացակայելու արգելքով:
