Civic.am-ը սխալվում է․ Տիգրան Վանեցյանի նվիրատվությունը օրենքի խախտումով չի արվել

Ապրիլի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ փոխկապակցված Civic.am կայքը գրել էր (արխ․), որ ուսումնասիրել է Գյումրու ընտրություններին դաշինքով ներկայացված «Հայրենիք» կուսակցության հայտարարագիրն ու պարզել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ազգականը՝ Տիգրան Վանեցյանը, 5 մլն դրամի նվիրատվություն է արել կուսակցությանը, որը գերազանցում է մեկ ֆիզիկական անձի կողմից կատարված նվիրատվության՝ օրենքով սահմանված առավելագույն չափը։
Տեղեկությունն արտատպել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Medianews.site-ը։
Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, պարզել է, որ այս տեղեկությունը սխալ է․ փոխանցված 5 մլն դրամի նվիրատվությունը կատարվել է ոչ թե միանվագ՝ մեկ տարվա ընթացքում, այլ մաս-մաս, համապատասխանաբար՝ 2024 և 2025 թվականներին, որը օրենքով արգելված չէ։
Civic.am-ը հոդվածը գրելիս հիմնվել էր «Հայրենիք» կուսակցության կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի վրա, որտեղ իսկապես նշվում է, որ Տիգրան Վանեցյանը 5 մլն դրամի նվիրատվություն է արել։
Կուսակցությունների մասին ՀՀ օրենքով՝ մեկ ֆիզիկական անձի կողմից կուսակցությանը տրվող նվիրատվության չափը մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել 2,5 մլն դրամը:
Սակայն «Հայրենիք»-ի հայտարարագրում նշված է, որ ներկայացված են 2024-ից 2025 թվականների գույքն ու եկամուտները, ինչը նշանակում է, որ տվյալները կարող են վերաբերել ինչպես 2024-ին, այդպես էլ՝ 2025-ին։
«Հայրենիք» կուսակցության՝ մեզ ներկայացրած անդորրագրերն ու 2024-ի տարեկան հաշվետվությունը (որը դեռևս չի հրապարակվել Ազդարար համակարգում) փաստում են, որ գումարի մի մասը փոխանցվել է 2024 թվականի մայիսի 6-ին, մյուս մասը՝ 2025-ի հունվարի 14-ին։ Սա նշանակում է, որ կատարված նվիրատվությունները չեն գերազանցել օրենքով սահմանված առավելագույն շեմը։
Այսպիսով, տեղեկությունը, թե Տիգրան Վանեցյանը օրենքի խախտումով է իրականացրել նվիրատվությունը, չի համապատասխանում իրականությանը։