Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են.
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի (Ստուրտինգետ) արտաքին հարաբերությունների և պաշտպանության մշտական հանձնաժողովի՝ տարբեր կուսակցություններ ներկայացնող անդամների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Նորդիկ-բալթյան խմբի երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկային, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի։
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Նորվեգիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը, ՀՀ համար կարևոր հարցերում, մասնավորապես ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության առնչությամբ հստակ դիրքորոշումը։
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացին ու հեռանկարներին։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումները, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակման ՀՀ տեսլականը»։