Փաշինյանը խաբել է, Նարիբեկյանը կհեռանա, Աննա Հակոբյանին չեն ընդունել Իրանում․ Մամուլը՝ սուրճով

Փաշինյանը խաբել է, Նարիբեկյանը կհեռանա, Աննա Հակոբյանին չեն ընդունել Իրանում․ Մամուլը՝ սուրճով

MediaHub-ը ներկայացնում է իր ընթերցողին այսօրվա մամուլի ծաղկաքաղը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 18-ին դուստրերի հետ այցելել էր Իրան՝ մասնակցելու «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»: Աննա Հակոբյանը սոցցանցերում ջանք ու եռանդ չէր խնայում, պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում, որպեսզի ցույց տա, թե ինչ «ջերմ» մթնոլորտում է անցել իր՝ Թեհրան այցը, ինչպիսի լավ ընդունելության է արժանացել այնտեղ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, ոչ՛ տեղի հայ համայնքը, ո՛չ էլ հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին: Տեղեկացանք, որ վարչապետի տիկինն անգամ խուսափել է այցելել հայկական եկեղեցի, որպեսզի այնտեղի հայերին չհանդիպի, փոխարենը Իրան ժամանած մյուս հյուրերի հետ այցելել է մզկիթ ու այնտեղ միջոցառումների մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ սա հատուկ վերաբերմունք է ոչ միայն Աննա Հակոբյանի, այլեւ Հայաստանից այցելած բոլոր պետական պաշտոնյաների նկատմամբ: Իրանահայերն այսպիսով իրենց դիրքորոշումն են հայտնում գործող իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության նկատմամբ, ինչի հետեւանքով Հայաստանը եւ Արցախը գրեթե ամեն օր նոր կորուստներ են կրում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովում երեկ կայացած Քաղաքացիական պայմանագիր խմբակցության փակ նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ պատգամավորների օգնականները պարգևավճար չեն ստանա, թեման կփակվի, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը հրաժարական կտա։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատի է տվել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբորը` Հրայր Հակոբյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ժառանգական գույք (շինություններ, ունեցվածք, բիզնես եւ այլն) ճանաչեն: Նկատենք, որ դատարանը գործը ընդունել է վարույթ, եւ գործը մակագրվել է դատավոր Լիզա Գրիգորյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով երկրորդ անձը կկալանավորվի: Ո՞վ է նա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորվող պաշտոնյան զորամասի թիկունքի գծով պատասխանատուներից եւս մեկն է:

 

«Հրապարակ» թերթը գրում է.

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում փետրվարի 7-ին հրատապ քննարկում է նախաձեռնել: Ինչպես հայտնի է՝ այդ օրը մեկնարկող ԱԺ քառօրյա հերթական նիստերին ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվելու։ Նախապես միջնորդությունները խորհրդարան ուղարկած գլխավոր դատախազը զեկուցելու է եւ պահանջելու է քրեական վարույթ սկսելուն համաձայնություն տալ, իսկ Սեյրան Օհանյանի դեպքում՝ նաեւ կալանքի թույլտվություն։

Ընդդիմադիրները կարծում են, որ պաշտպանության նախկին նախարարի դեմ իշխանության արշավի նպատակն Ազատում տեղի ունեցած ահասարսուռ դեպքից հանրային ուշադրությունը շեղելն է, ուստի որոշել են հենց այդ թեմայի վրա բեւեռել հանրության ուշադրությունը եւ արտահերթ նիստ անցկացնել բանակի եւ Ազատի հրդեհի թեմայով՝ կանխելով Սեյրան Օհանյանի դեմ ծրագրվող շոուն։ Ըստ այդմ՝ առաջարկել են քննարկումն անցկացնել փետրվարի 7-ի նիստի երկրորդ մասում։

Հրատապ քննարկումը, ըստ ներկայացված հիմնավորման, «ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքներ»-ը թեմայով է։ Ընդդիմադիրներն ակնկալում են նաեւ, որ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն անձամբ ներկա կգտնվի քննարկմանը: Ի դեպ, իրենց գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելու նիստի օրը «հայաստանցիներն» այլ ակցիա էլ են ծրագրում, որն առայժմ գաղտնի են պահում։ Իշխանությունը որոշել է՝ եթե այս շոուն բարեհաջող ընթանա, եւ սպասված արդյունքն ստանան, հաջորդ զոհը լինելու է Գեղամ Մանուկյանը։

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա քաղաքապետության ժամանակ Էրեբունու նախկին թաղապետ, այժմ Էրեբունու ՀՀԿ կառույցի ղեկավար Դավիթ Գրիգորյանը խնամիանալու ճանապարհին են։ Դավիթ Գրիգորյանի որդին՝ Թոմը, եւ Տարոն Մարգարյանի դուստրն անցած տարվա հոկտեմբերին նշանվել են եւ առաջիկայում, ըստ ամենայնի, կամուսնանան։

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը վերջին օրերին շրջայց է կատարում Արցախի համայնքներով, պատմում են, որ պետնախարարի այցը հակասական տրամադրություններ է առաջացրել արցախցիների շրջանում։

Մի կողմից, Վարդանյանը հուսադրել է նրանց՝ ասելով, որ բլոկադայի հետեւանքով առաջացած բարդ իրավիճակը, ըստ ամենայնի, կձգվի մինչեւ մարտ-ապրիլ, երբ սկսվի ձնհալը, եւ ջրի ու հոսանքի խնդիր այլեւս չի լինի։ Մյուս կողմից, ահաբեկել է մարդկանց՝ չբացառելով այդ շրջանում ռազմական բախումը։

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին ավելի ու ավելի նկատելի են դառնում եվրոպական մի շարք երկրների ու կառույցների կամ նրանց ներկայացուցիչների թիրախային գնահատականներն ու հայտարարությունները Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ավելի հաճախակի են դարձել արցախցիների շահերն ու իրավունքները պաշտպանող և Ադրբեջանի գործողությունները դատապարտող գնահատականները, ինչը նշանակում է, որ իրական տեղեկատվության փոխանցման և ընդհանրապես նշյալ երկրների ու կառույցների հետ տարվող աշխատանքների առումով զգալի առաջընթաց կա:

Այստեղ կարևոր գործոն են Ֆրանսիայի լայն աջակցությունը, պահվածքն ու դիրքորոշումը, իսկ Ֆրանսիայում, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Բերձորի միջանցքի հետ կապված, ընդհանրապես Արցախի հարցերով թե՛ հումանիտար, թե՛ տեղեկատվական, թե՛ քաղաքական տեսանկյունից ամենաբարձր մակարդակով մեծ աշխատանքներ է կատարում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, հրապարակային, այսպես ասած, «երևացող» աշխատանքը շատ փոքր մասն է կազմում ամբողջ գործունեության, որը օբյեկտիվ պատճառներով չի մանրամասնվում ու չի ներկայացվում: Ի դեպ, հայտնի է, որ Նիկոլա Ազնավուրն ու Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը մտերիմ ընկերներ են, ովքեր համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում Հայաստանում:

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, որը ՀՀ դատախազությանը իրավունք է տալիս ծանր մեղադրանք առաջադրել նաև իրավաբանական անձանց: Գործողության մեջ մտած դրույթներով Հայաստանի տարածքում գործող ընկերությունները կարող են դատապարտվել ՀՀ Քրեական օրենսգրքի հատուկ մասի բոլոր հոդվածներով, իսկ պատիժները, որ կարող է նշանակել դատարանը, բավականին ծանր են՝ նախորդ տարվա հասույթի մինչև 20 տոկոս տուգանքից մինչև ընկերության գործունեության հարկադիր դադարեցում:

Հաշվի առնելով հայկական ընկերությունների աշխատելաոճը, ներքին հակակոռուպցիոն և այլ բնույթի քաղաքականությունների բացակայությունը, ըստ փորձագետների, ծանր մեղադրանքներ կարող են առաջադրվել գրեթե բոլոր ընկերությունների նկատմամբ: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջնային հարվածի տակ են հայտնվելու ռուսական կապիտալով գործող խոշոր ընկերությունները և իշխանության համար անցանկալ ի սեփականատերեր ունեցող խոշոր ընկերությունները:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի աշխատանքը գտնվում է Հայաստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների ուղիղ հսկողության տակ, քանի որ այն ներդրվել է հենց նրանց պահանջով և ճնշումներով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն ուղիղ մեկ ամիս է, ինչ լուծարվել է: Նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին, հիշեցնենք, համալսարանն այն ժամանակ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանի մակագրությամբ՝ բուհի հոգաբարձուների խորհրդի լիազորությունները դադարեցված լինելու մասին գրություն էր ստացել:

Խորհրդի լիազորությունները դարդարեցված համարվելուց ուղիղ մեկ ամիս անց՝ այսօր, Բրյուսովի կառավարման հարցն օդում կախված է մնում: Բանն այն է, որ, ըստ «Հիմնադրամների մասին» օրենքի, ԿԳՄՍ նախարարությունը մանեւրելու ու օրենքը տարբեր կերպով մեկնաբանելու հնարավորություն ունի: Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին կառավարչի ծանուցումը ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում»:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ»: Ստացվում է՝ նախարարությունը, հղում անելով հոդվածի 7-րդ կետին, Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման հարցը կարող է եւս մեկ ամիս ձգձել: Նշենք, սակայն, որ դեռեւս այս տարվա հունվարի 12-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ նախարարության խնդիրն այս պահին բուհի խորհուրդը կազմավորելն է:

Այս մասով մեկ ամսվա ընթացքում ի՞նչ գործողություն է արել ԿԳՄՍՆ-ն. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին նախարարության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից տեղեկացրին. «ԿԳՄՍՆ-ն, օրենքով սահմանված կարգով, քայլեր է ձեռնարկում համալսարանի բնականոն գործունեության ապահովման համար: Այս մասով առաջիկայում հայտարարություն կլինի»:

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ օրվա իշխանությունները վերջին 4,5 տարվա ընթացքում առաջնային գործը, որ արել են, եղել է ՀՀ նախկին իշխանություններին և նրանց ներկայացուցիչներին թիրախավորելն ու անվանարկելը։ Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև իշխանության մյուս ներկայացուցիչները ևս այս ամբողջ ընթացքում մշտապես ցեխ են շպրտել նրանց ուղղությամբ, ավելին՝ ներկայում էլ շարունակում են։

«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, արտաքին ճակատում ստեղծված բարդագույն իրավիճակով պայմանավորված, դեռևս նախորդ տարեվերջին ԱԳՆ-ում նախատեսել են «կոնտակտի դուրս գալ» և նախարարություն հրավիրել արտաքին քաղաքական ոլորտում առանցքային դերակատարություն ունեցած մի շարք նախկին պաշտոնյաների, դիվանագետների՝ ստեղծված փակուղուց ելքեր փնտրելու հարցեր քննարկելու նպատակով։ Թերթի ԱԳՆ աղբյուրը փոխանցում է, որ մոտ երկու տասնյակի հասնող նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ դեսպաններ, մերժել են հրավերը, ոմանք՝ անգամ շատ կոպիտ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Այս անգամ կանդրադառնանք մի ոլորտի, որում արձանագրված «հաջողությունների» ու հաջողված պայքարի մասին իշխանությունները հաճախ են խոսում, ինչը, սակայն, հեռու է իրականությունից: Խոսքը խաղադրույքների ոլորտին է վերաբերում: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարեց, թե իրենց իշխանության կողմից շահումով խաղերի ոլորտում կատարված օրենսդրական սահմանափակումների արդյունքում խաղադրույքների ոլորտում լուրջ անկում է գրանցվել։ CivilNet-ի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, պարզել է, որ շահումով խաղերի ոլորտում, հակառակ վարչապետի պնդումներին, անկում չի գրանցվել։

Պետեկամուտների կոմիտեն, #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Հայաստանում, 2022-ի հունվար-նոյեմբերի տվյալներով, ինտերնետ շահումով խաղերում ավելի քան 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել. սա 2021թ.-ի ամբողջ տարում գրանցված 3,9 տրլն դրամից ավելի է մոտ 36%-ով։ Այս թիվը ռեկորդային է Հայաստանի պատմության մեջ։ Կատարված խաղադրույքների ծավալը 2017-ին կազմել է 138,5 մլրդ դրամ, 2018-ին՝ 333,6 մլրդ դրամ, 2019-ին հատել է տրիլիոնի շեմը եւ կազմել է 1,1 տրլն դրամ, 2020-ին՝ մոտ 2 տրլն դրամ, 2021-ին՝ 3,9 տրլն դրամ։ Հատկանշական է, որ 2022-ի 11 ամիսներին գրանցված 5,3 տրլն-ի մեջ ներառված չեն դեկտեմբերի տվյալները, հետեւապես՝ նաեւ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի (որոնք անցկացվել են նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը ներառյալ) մեծ մասի ժամանակ արված խաղադրույքների ծավալը։ Այս թվում ներառված չեն նաեւ խաղատներում կատարված խաղադրույքները։

Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե խաղադրույքների ոլորտում շատ լուրջ անկում է գրանցվել, սխալ է։ Կատարվող խաղադրույքի ծավալները փաստացի ոչ միայն չեն նվազել, այլեւ շարունակ աճում են։ Ստացվում է՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

«Հրապարակ» թերթը գրում է.

Ոստիկանությունը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ հունվարի 16-ին խոշոր չափի՝ 39 մլն 984 հազար դրամ՝ 100 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել։

«Փաստ» օրաթերթը գրում է․

Վերջերս կառավարության նիստում մի երևույթ տեղի ունեցավ, որն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի պրակտիկայում։ Խնդիրն այն է, որ նիստի ժամանակ գլխավոր դատախազը, խոսելով Ազատ գյուղի դեպքերի և հարուցված քրեական գործի մասին, հայտարարեց, թե վարչապետին պարբերաբար զեկուցել է և հիմա էլ զեկուցում է։ Իրականում Սահմանադրության և օրենքների համաձայն, գլխավոր դատախազը չի կարող զեկուցել վարչապետին։ Գլխավոր դատախազի կողմից նույնիսկ խորհրդարանին զեկուցելու լիազորություն վերապահված չէ։ Շատերի կարծիքով, նորանշանակ գլխավոր դատախազի՝ Փաշինյանին զեկուցելու պատճառներից մեկն այն է, որ նա դեռևս իրեն զգում է որպես վարչապետի օգնական, որը պետք է պարբերաբար զեկուցի աշխատանքների մասին, իսկ վարչապետն էլ դրանց հիման վրա հանձնարարություններ տա։

Հնարավոր է՝ նա գլխավոր դատախազ նշանակվել է հենց այդ կարգավիճակով:

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում շրջակա միջավայրի նախարարության կողմից բավական ծավալուն ստուգումներ են սպասվում՝ կապված Հայաստանի անտառներում տիրող վիճակի, ապօրինի ծառահատումների հետ: