Արտոնյալ սուպերմարկետներ, հարկային արտոնություններ Սամվել Ալեքսանյանին, կաշառք՝ երևանցիներին․ Մամուլը՝ սուրճով

Արտոնյալ սուպերմարկետներ, հարկային արտոնություններ Սամվել Ալեքսանյանին, կաշառք՝ երևանցիներին․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը օրերս 168-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Ինձ էլ դատի տվե՛ք, իմ հետևից էլ ոստիկան ուղարկե՛ք. պաշտոնապես ասում եմ՝ ՀՖՖ-ն աշխատել է օրենքի կոպիտ խախտումով: Պարո՛ն Մելիքբեկյան, պարո՛ն Նիկողոսյան, դուք ինձ խանգարում եք»:

Նա պատմել է, որ ոստիկանները ներխուժել են «Փյունիկ»-ի ակադեմիա, որպեսզի ծանուցում տան «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին սեփական կարծիք ունենալու համար, եւ դա արել են բավականին հանդուգն ձեւով: Իսկ ինչի՞ց է սկսվել պատմությունը:

Պարզվում է՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին հարցազրույց է տվել ու ասել. «Բանակային կենտրոնական մարզական ակումբ սկսեցին հրավիրել վարձատրվող ֆուտբոլիստների, Մելիքբեկյանն ինքը սկսեց զբաղվել ֆուտբոլային թիմի կառավարմամբ, ինչն, իմ կարծիքով, արմատապես հակասում է այն պարտականություններին, որոնք մենք դրել ենք նրա վրա, եւ ամենատխուրն այն է, որ ԲԿՄԱ-2-ը դարձրին բանակից խուսափելու հնարավոր միջոց իրենց ծանոթների եւ ինչ-որ հեղինակությունների համար։ Իսկ դա արդեն ես որակում եմ որպես դավաճանություն ե՛ւ ֆուտբոլի, ե՛ւ ազգային շահերի դեմ, հատկապես հիմա՝ Հայաստանի համար շատ բարդ ժամանակաշրջանում։ Խոսքս հիմնավորելու համար ասեմ, որ մեր ակադեմիայում ֆուտբոլիստ կար, ում անունը չեմ ուզում նշել, որպեսզի չվնասեմ երիտասարդ տղային. նրա հայրն աշխատել է ՀՖՖ-ի իրավաբանական բաժնում, իսկ մայրը բարձրաստիճան պաշտոնյա է: Անցյալ տարվա սկզբին նրա հայրը եկավ ակումբ եւ ակադեմիայի գլխավոր թիմի մարզիչից պահանջում էր իր որդուն ներգրավել կազմ, որպեսզի նա հետագայում ընդգրկվի ԲԿՄԱ-ում եւ իր տարիքային հավաքականում։ Նա նաեւ սպառնում էր, որ հակառակ դեպքում մարզիչը մեծ խնդիրներ կունենա, քանի որ իրենք ազդեցիկ մարդիկ են։

Մեր մարզիչը` հայտնի սերբ մասնագետ Գորան Ալեկսիչը, տարակուսած զանգահարեց ինձ եւ ասաց, որ ֆեդերացիայի աշխատակցից հրահանգներ եւ անգամ սպառնալիքներ է ստանում, բայց հրաժարվում է դրանք կատարել, այդ դիրքում կան նույն տարիքի եւ նույնիսկ նրանից երիտասարդ, բայց շատ ավելի ուժեղ ու որակյալ ֆուտբոլիստներ։ Ես ստուգեցի այդ տեղեկությունը, բոլոր մարզիչները հաստատեցին, որ այդ ֆուտբոլիստը միջին մակարդակի որակներ ունի, եւ կան շատ ավելի տաղանդավոր տղաներ այդ տարիքային խմբում։ Ի վերջո, հայրը Մելիքբեկյանի միջոցով որդուն տեղավորել է մեկ այլ ակումբ, որտեղ նա ոչ մի խաղ չի անցկացրել, իսկ հետո նրան գրանցել են Մ-19 հավաքականում եւ ԲԿՄԱ-2-ում»:

Այսինքն՝ ՀՖՖ-ն ԲԿՄԱ-ն վերածել է բանակից փախչողների ակումբի: Այն մարդիկ, որոնք ուզում են՝ իրենց երեխան լավ պայմաններում ծառայի բանակում, «դասավորում են»՝ հայտնվի ԲԿՄԱ-ում, իբրեւ թե պիտի շարունակի իր ֆուտբոլային կարիերան նաեւ բանակում, սակայն իրականում, երբ ծառայության ժամկետն ավարտվում է, նրանք թողնում են ֆուտբոլը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հրապարակումներ ունեցել է:

Եւ հիմա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ տեղակալ Արմեն Նիկողոսյանը այս ճշմարտությունը բացահայտելու համար որոշել են ոստիկաններով հարաբերվել ֆուտբոլ աշխարհի ներկայացուցիչների հետ: Ունենալով Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցությունը՝ ՀՖՖ նախագահը արշավ սկսեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ դեմ (դատի է տվել եւ այլն):

Իսկ ինչ վերաբերում է այն երիտասարդին, ում մասին խոսել է «Փյունիկ»-ի սեփականատերը, ապա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա Տիգրան Սարգսյանն է, որի մայրը ՀՀ ՏԿՆ Գնել Սանոսյանի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն է, իսկ հայրը՝ Դավիթ Սարգսյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հավատարիմ անձը, որը ՀՖՖ Բողոքարկման կոմիտեում է, ՀՖՖ գործկոմի անդամ է: Համենայնդեպս, նրա տվյալներն են համընկնում Սողոմոնյանի խոսքերի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փետրվարի 20-ին պաշտոնապես հայտարարություն տարածվեց այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ առեւտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին:

Այսինքն՝ ընկերությունը թաքցրել է իրական իրացման շրջանառությունը եւ պետական բյուջե չի վճարել խոշոր չափերի հարկեր։ Իսկ, ահա, սուպերմարկետի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը պարզաբանել էր, որ «քննչականի, օպերլիազորների եւ հատուկ ջակատայինների ներխուժումը սուպերմարկետի մեր մասնաճյուղեր ապօրինի է եւ անգրագետ աշխատանք։

ՊԵԿ-ը հայտնել է, որ ընկերությունը շրջանառություն է թաքցնում եւ այլն, սակայն դեռեւս ամբողջական հետաքննությունն ավարտված չէ, մեղադրանք չկա, եւ այս պարագայում նրանց հայտարարություն տարածելը համարում ենք անգրագիտություն եւ ընկերությանը վարկաբեկել, վնաս հասցնել բարի համբավին»։

Իհարկե, քննությունը դեռ կպարզի, թե ով էր ճիշտ, սակայն այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ իրողություն. Նիկոլ Փաշինյանի ոստիկանասեր իշխանությունը պատժում է միայն մարդկանց, որոնք իրեն ծառայություն չեն մատուցում:

Օրինակ՝ պետական մարմինները նույնպիսի հետեւողականությամբ չեն գնում եւ չեն բացահայտում, օրինակ, MG սուպարմարկետների ցանցի գործունեությունը: Ինչո՞ւ. որովհետեւ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը օրուգիշեր քաղաքական ակցիաներ էր ցրում: Եւ, ահա, որպես շնորհակալական ժեստ, նրան պետական վերահսկող մարմինները մոռանում են:

Հավելենք, որ MG սուպերմարկետների ցանցը փաստացի պատկանում է Վարդան Վարդանյանի ընտանիքին, գործադիր տնօրենն էլ հարազատ եղբայրն է՝ Արսեն Վարդանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը պատրաստվում է մի նոր գործընթացի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այսօր ԲԴԽ-ն ծանուցումներ կուղարկի Հայաստանում գործող բոլոր դատարաններին՝ առաջարկելով ԲԴԽ դատավոր անդամի թեկնածություններ առաջարկել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2023 թվականի ապրիլին 9-ին լրանում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի եւ Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետները, ուստի նրանք կհեռանան ԲԴԽ-ից:

Նկատենք, որ Ստեփան Միքայելյանի պաշտոնավարման ժամկետը եւս լրանում է ապրիլին, սակայն նա նախընտրեց ավելի շուտ դիմում գրել եւ հեռանալ ԲԴԽ անդամի բարձր պաշտոնից:

Այսպիսով, ԲԴԽ գիտնական անդամների բոլոր թափուր տեղերն այսօրվա դրությամբ լրացված են, իսկ դատավորների համար նոր պայքարի դաշտ է բացվում։

«Հրապարակ» թերթը գրում է.

Իշխանության ներկայացուցիչները, որոնք 2018-ից հետո պատերազմ հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցուն, վերջերս սկսել են այցելել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ պատարագներ է մատուցում հենց ինքը՝ կաթողիկոսը։ Եկեղեցու եւ իշխանության միջեւ հարաբերություններն ավելի լարվեցին 44-օրյա պատերազմից հետո, երբ մի շարք հոգեւորականներ քննադատեցին իշխանությանը, եւ եկեղեցին պահանջեց վարչապետի հրաժարականը։

Սակայն մեզ պատմեցին, որ շաբաթներ առաջ ԶՈՒ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը, Սուրեն Պապիկյանի խորհրդական, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը եւ պաշտպանական ոլորտի այլ ներկայացուցիչներ եղել են Սուրբ Գայանեում, մի քանի ժամ լսել կաթողիկոսի մատուցած պատարագը։ Արդյոք իշխանության եւ եկեղեցու միջեւ սառույցը հալվե՞լ է, թե՞ որոշ անհատներ որոշել են ապաշխարել, պարզ չէ։

«Հրապարակ» թերթը գրում է.

Պետգույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել ՊՆ-ին պատկանող 71 անշարժ գույքից հերթականը՝ Շենգավիթ, Շիրակի փողոց 24 շենք, 63 հասցեում գտնվող։ Գույքը վաճառվում է գնահատված արժեքի 100 տոկոսով՝ 190 մլն 950 հազար դրամ։

Այն կազմված է 715.56 քառ. մետր մակերեսով հասարակական շենքից եւ դրա զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված 0.17475 հեկտար մակերեսով հողամասից։ Մենք պարզեցինք, որ վաճառքի հանված գույքը նախկին ռուսական զորամասն է։ Հիշեցնենք, որ 71 անուն գույքի մեջ է մտնում նաեւ Երեւանի նախկին Մայրաքաղաքային գունդը՝ «Ստալիչնի պոլկը», որի տեղում էլիտար թաղամաս են կառուցելու։

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախում կիրակի օրվա ահաբեկչությունից մոտ մեկ շաբաթ առաջ արտակարգ դեպք է գրանցվել։ Արցախում խոսում են, որ փետրվարի վերջին Ստեփանակերտի եկեղեցու պատերին գիշերը կանաչ ներկով ինչ-որ մեկը գրառումներ է արել։ Առավոտյան դա հայտնաբերելով՝ իշխանությունները հանձնարարել են արագ «շլիֆովկա» անել պատերը՝ մաքրել գրությունը։

Խոսում են, որ գրառումները ուղղված են եղել նախագահ Արայիկ Հարությունյանին։ Բանն այն  է, որ Հարությունյանը հենց այդ եկեղեցու մոտ է սկսել նախընտրական իր խոստումները եւ հետո ընտրվել նախագահ։ Ասում են՝ գրառումներով հիշեցրել են մոռացված խոստումների մասին, բայց թե ինչու եկեղեցու պատերի վրա, արցախցիները չեն կարողանում հասկանալ։

«Հրապարակ» թերթը գրում է.

Արդարադատության թաղամասը կառավարությունը նախատեսում է կառուցել Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում։

Մեր աղբյուրներն ասում են, որ վարչապետն արդեն հանձնարարել է փորձագիտական խմբին՝ ուսումնասիրություններ սկսել ՔԿՀ-ին հարակից տարածքում, դիտարկել եւ հասկանալ՝ հնարավո՞ր է տվյալ տարածքում թաղամասը կառուցել: Փորձագետների աշխատանքից հետո պարզ կդառնա՝ թաղամասը կկառուցեն նշվա՞ծ վայրում, թե՞ Երեւանից դուրս՝ մարզերից մեկում։

Նշենք, որ փետրվարի 22-ին կառավարությունում՝ ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգը Երեւանի կենտրոնից պետք է դուրս բերվի: Նա շեշտեց, որ պետական գույքի ճիշտ կառավարումը կարող է երկրին միլիարդների եկամուտ բերել: Հավանաբար նկատի ուներ, որ Կենտրոնի ազատվող շենքերը կկարողանան վաճառել եւ մի քիչ էլ դրա հաշվին բյուջեն լցնել։

Իսկ ծրագրվող արդարադատության թաղամասում առաջին փուլով մտադիր են կենտրոնացնել տեսչական մարմինները, ՄԻՊ գրասենյակը, փաստաբանական, հաշվեքննիչ պալատները, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեները, հակակոռուպցիոն դատարանները, դատախազությունը, պետռեգիստրը, ԴԱՀԿ-ն։

«Հրապարակ» թերթը գրում է.

Կառավարության այսօրվա՝ մարտի 9-ի նիստում Սամվել Ալեքսանյանին պատկանող  «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու հարցն է քննարկվելու։ Ընկերությանը պատրաստվում են ազատել ներկրման մաքսատուրքից։ Ըստ նախագծի՝ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը պատրաստվում է 3.3 միլիարդ դրամի հումք ներկրել Հայաստան, եւ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 173 մլն դրամ, այսինքն՝ Ալեքսանյանը 173 մլն դրամ չի վճարի ՀՀ պետական բյուջե։

Նախագիծը հիմնավորվում է նրանով, որ տեքստիլի արդյունաբերությունը տնտեսության գերակա ճյուղ է, հետեւաբար՝ պիտի արտոնություններ տրվեն։ Սակայն Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Լֆիկին արտոնություն տալու իմաստը ո՞րն է։ Աշխարհի շատ երկրներում անգամ շքեղության հարկ են սահմանում, որ առավել մեծ եկամուտ ունեցողները, առավել ճոխ տներում ապրողներն ու թանկ մեքենաներ շահագործողներն ավելի շատ հարկ վճարեն, քան շարքային մարդիկ, իսկ մեզանում, փաստորեն, հակառակն է։

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները կարծես մրցակցության մեջ են, թե ով ավելի անհաջող արտահայտություն կանի: Մեկ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է հայտարարություն անում, որից հետևում է, թե Ադրբեջանի հետ համագործակցել ցանկացողները կարող են փորձել տրամադրություններ գեներացնել և վերցնել իշխանությունն ու անցնել այդ «համագործակցությանը»: Մեկ էլ՝ նրա կողմից նոր-նոր պետնախարար նշանակված նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է հայտարարում, թե Հայաստանի և Արցախի միջև մոտեցումների որևէ տարբերություն չկա: Խոսքը հիմնականի՝ Արցախի խնդրի մասին է:

Այսինքն, կներեք, ինչպե՞ս թե՝ չկա: Այսինքն, մեկ անգամ ևս կներեք, ստացվում է, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարների մոտեցումները բացարձակապես նույնակա՞ն են: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի, ներառյալ՝ Գուրգեն Ներսիսյանը, մոտեցումների միջև տարբերություններ չկա՞ն: Իրո՞ք: Այդ դեպքում պարզ է, որ Արցախից մնացած բեկորի ու Արցախի հայության հետագան վերջնական կորստյան ռեալ սպառնալիքի տակ է: Գուրգեն Ներսիսյանին արժե մեկ-երկու բան հիշեցնել ու վերահարցնել: Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչներից մեկն առաջարկում էր, ըստ էության, զոհաբերել Արցախի 120 հազար հայությանը, իբր՝ ՀՀ բնակչությանը փրկելու ազնիվ մղումներով: Նիկոլ Փաշինյանը ձայն չի հանել, այսինքն՝ նրա մոտեցումը նույնն է: Հիմա Արցախի պետնախարարն էլ է նույն կարծիքի՞ն:

Նույն մոտեցումներն իրենք ունե՞ն: ՀՀ ներկայիս ղեկավարությունը հայտարարում է, թե «միջազգային հանրությունը» Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, հայտարարում է, թե՝ Տեղ գյուղից այն կողմ (դեպի արևելք) ադրբեջանական տարածքներ են, գործնականում հայտարարում են, որ Արցախի հայության, Արցախի անվտանգության երաշխավոր չեն և այլն, և այլն: Իսկ թե նույն Փաշինյանը «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ Պրագայում կամ այս վերջերս՝ Մյունխենում ինչեր է պայմանավորվել, Արցախի վերաբերյալ ինչ է «տվել-առել», դա էլ երևի միայն ինքը կիմանա: Հարց. Արցախի պետնախարարը այդ բոլոր հարցերում բացարձակապես նույն մոտեցումնե՞րն ունի:

Եթե այո, ապա այդ դեպքում նա ո՞վ է. Արցախի պետնախարա՞րն է, թե՞ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի կրտսեր ստաժոր: Եվ մինչ նա կպատասխանի (կամ չի պատասխանի) այս ու մյուս հարցերին, պետք է արձանագրել փաստը. Արցախի նախկին գլխավոր դատախազը ստանձնած նոր պաշտոնում առաջին իսկ հրապարակային դրսևորմամբ ձախորդ արտահայտություն արեց: Շատ մեղմ ասած՝ ձախորդ...

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իրավապահ համակարգում ինչ-ինչ խմորումներ են ծավալվում:

Դեռ Ամանորին խոսակցություններ են պտտվել այն մասին, որ քաղաքական իշխանությունները դժգոհ են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գործունեությունից, եւ ինքն էլ է հասցրել շատ տեղեր դժգոհել, թե հոգնել է ծանր աշխատանքից, անգամ կառավարական կաբինետում բարձրացվել է Սասուն Խաչատրյանի ազատման հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սասուն Խաչատրյանի փոխարեն, որպես լավագույն թեկնածու, տեսել են գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին, որը պրոֆեսիոնալ քննիչ է եւ հեռանկարային պաշտոնյա:

Իրավապահ համակարգում լուրեր կան, որ Խաչատրյանը հասցրել է կարգավորել է իր գործերը քաղաքական իշխանության հետ եւ դեռ շարունակում է պաշտոնավարել: Որքան ժամանակ՝ ապագայում կերեւա:

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունների տեղեկատվական-քարոզչական բլոկը նոր «պարտիա» է սկսել։ Խոսքը, մասնավորաբար, մի քանի տասնյակ կեղծ օգտահաշիվների մասին է, որոնք գլխավորապես խաղալու են իբր ընդդիմադիր հատվածում. այլ խոսքերով ասած՝ սոցցանցերում «ընդդիմադիր» կեցվածք են ունենալու։ Թերթի տեղեկություններով, վերջին մի քանի ամիսներին մի քանի տասնյակ «ֆեյք» հաշիվներ են բացվել, որոնք փորձում են թեմաներ գեներացնել ընդդիմադիր սեգմենտում։

Դրանք սոցցանցային խմբերում են «տեղավորվում», ընդդիմադիր «ընկերներ», համակիրներ են հավաքում, իշխանություններին «կոշտ» քննադատության են ենթարկում, քննադատական տարբեր նյութերով կիսվում, որոշներն էլ ակտիվ մեկնաբանություններ են անում կայքերի նյութերի ու «լայվերի» տակ։ Սակայն նրանց ընդդիմադիր քննադատություններն ու մեկնաբանություններն իրականում տեղավորվում են որոշակի «սահմանների» մեջ, զուգահեռ այդ պսևդոընդդիմադիր «ֆեյքերի» կողմից հիմնականում կեղծ թեզեր ու պաթոսային բովանդակություն ունեցող մեկնաբանություններ են շրջանառվում:

Առաջին հայացքից թվում է, թե քննադատում են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, սակայն նրանց բուն «միսիան» իբր ընդդիմադիր հայացք ունեցողների անունից ընդդիմության հասցեին քննադատության ալիք բարձրացնելն է, իսկ ավելի կոնկրետ՝ ընդդիմության մեջ երկպառակություն սերմանելը, կամ, ինչպես ասում են իշխանության կուլիսներում, ընդդիմադիրների «տունը կռիվ գցելը»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը առաջինն էր հայտնել, որ հունվարին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների օգնականները, «շեֆերի» գիտությամբ, պարգեւավճար են պահանջել ԱԺ նախագահից եւ աշխատակազմի ղեկավարից:

Ինչպես գրել էինք, ստորագրահավաքը նախաձեռնել ու կառավարել են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նրա օգնականը, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նրանց օգնականներն ու իշխող խմբակցության փորձագետները:

Ի դեպ, պատգամավորների օգնականները, ի վերջո, հասան իրենց նպատակին եւ ոչ միայն ստացան պարգեւավճարներ՝ հունվար ամսվանից սկսած, այլեւ կստանան ողջ 2023 թվականը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները այսքանով չեն սահմանափակվել:

Պարզվում է՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, որ առանձնապես ակտիվ չէ այս կամ այն անարդարության դեպքերին արձագանքելիս, դեկտեմբերին դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին եւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Վահան Նարիբեկյանին եւ նրանցից հաշիվ է պահանջել, թե որ պատգամավորների օգնականներն են պարգեւավճար ստացել, եւ ինչու իր օգնականը չի ստացել:

Այս դիմումի մասին նա բարձրաձայնել է նաեւ խմբակցության գործընկերների հետ հանդիպումների ժամանակ՝ դժգոհելով, որ ուշացրել են իր պատասխանը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց պատգամավորի հետ, որը չհերքեց մեր տեղեկությունը, որ նման դիմում է գրել, միայն արդարացավ, թե 1.5 ամիս է՝ օգնական չունի, իր օգնականը դուրս է եկել աշխատանքից, ինքն էլ հիմա նոր օգնական է փնտրում:

Հուսանք՝ մեր հրապարակումը կօգնի տիկին Մինասյանին՝ գտնելու նոր օգնական, որը, իհարկե, ողջ 2023 թվականը կստանա պարգեւավճար:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աշնանը սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն ակտիվացել է ու որոշել է Մարտի 8-ի «պատրվակով» փաստացի կաշառել երեւանաբնակներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը մարտի 8-ին Երեւանի փողոցներում ֆիքսել է «Ապրելու երկիր» կուսակցության անվանական տուփերով շրջող քաղաքացիների:

Մեր լրագրողի հետ զրույցում քաղաքացիները պատմեցին, որ Մարտի 8-ի առթիվ նվերներ են ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունից: Խնդրեցինք նրանց բացել տուփերից մեկը եւ պարզեցինք, որ մեջը ոչ թե բնամթերք էր, այլ կանացի շարֆիկ:

Հիշեցնենք՝ նախկինում էլ Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիրն» էր «ընտրամուրաբաներ» բաժանում քաղաքացիներին:

Փաստորեն, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որ օրուգիշեր նորարարություններից, զարգացումից է խոսում, որոշել է տարբերվել ու, սննդի փոխարեն, աքսեսուարներով սիրաշահել քաղաքացիներին. գուցե ՕԵԿ-ի քաղցր մուրաբաներով ավելի դժվար է եղել քաղաքացիների սիրտը շահել:

Այլ կերպ ասած, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներ Մանե Թանդիլյանը եւ Մեսրոպ Առաքելյանը, որոնք մշտապես խոսում են «անկաշառ» եւ թափանցիկ ընտրությունների կարեւորության մասին, որոշել են հետ կանգնել իրենց սկզբունքներից»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավական համակարգը չի ցանկանում դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ գործողություններ իրականացնել, սակայն հաշվի առնելով, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է միջնորդել դատավորին պատժել, վախենում են մերժել նրա միջնորդությունը: Թե ինչ որոշում կկայացվի, այնուամենայնիվ, դեռ պարզ չէ. ամեն դեպքում, մենք կհետեւենք ԲԴԽ-ն զարգացումներին:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։

Միջնորդությունը նախարարությանը ներկայացրել է գլխավոր դատախազությունը։ Վարույթի հիմքում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով Հովհաննիսյանի կայացրած դատական ակտն է։

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել, որում նշվում էր, թե բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը գտել էր, որ հիշյալ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, եւ բողոք էր ներկայացրել դատարան:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել էր Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը եւ արձանագրել՝ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում:

Դատական գործընթացները ձգվեցին մինչեւ նախորդ տարի, եւ 2022 թվականի նոյեմբերին Վճռաբեկ դատարանը որոշեց բավարարել ՀՀ գլխավոր դատախազի արդեն նախկին տեղակալ Դավիթ Մելքոնյանի՝ վճռաբեկ բողոքը՝ բեկանելով Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրող դատական ակտերը։

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել էր, որ Սեդրակ Քոչարյանը չէր կարող իր անմեղության կանխավարկածի խախտման համար իրավական պաշտպանություն հայցել քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ, քանզի, ըստ Վճռաբեկ պալատի, հանրությանը տեղեկատվություն տրամադրելու համար ո՛չ հարցազրույց տալը, ո՛չ էլ կայքէջում համապատասխան տեղեկատվություն տրամադրելը քրեադատավարական բնույթ չունեն: Եւ հիմա Աննա Վարդապետյանը որոշել է պատժել 3 տարի առաջ վճիռ կայացրած դատավորին:

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ Արցախում ամենաբարձր մակարդակով ակնարկում են Ադրբեջանին ինտեգրվելու առաջարկությունը ընդունելի համարող ինչ-որ ուժերի կամ անհատների առկայության հնարավորության մասին, վերջին երկու ամիսներին Ադրբեջանում ինտենսիվ քարոզչություն է իրականացվում Արցախի, այսպես կոչված, «ռեինտեգրացիայի» հետ կապված։ Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տարբեր «էքսպերտների» միջոցով հանրային հարթակում և խոսույթում «ռեինտեգրացիայի» և համակեցության թեզեր տիրաժավորել։

Հասկանալի է, որ այդ բոլոր «էքսպերտները» իշխանական սազանդարներն են, թեպետ բռնատիրական Ադրբեջանում դժվար է իրական անկախ կամ, առավել ևս, ընդդիմադիր հայացք ունեցող պատկերացնել: Մասնավորաբար, մեր ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ ադրբեջանցի «փորձագետները» փորձում են ամեն ինչ ներկայացնել որպես բացառապես Ադրբեջանի տիրույթում կարգավորվող հարց՝ նշելով դրանց «ուղիներն ու ճանապարհները»։ Նշվում է, որ արցախահայության հետ սկզբնական երկխոսությունը պետք է սկսել ՀԿ սեկտորի և քաղհասարակության ներկայացուցիչների շրջանակում, ընդգծում, որ Արցախում տիրապետող են Հայաստանի ոչ իշխանական դաշտից ու Սփյուռքից հնչող թեզերը, որոնք էլ, ըստ նրանց, իբր «ազդում են արցախցիների իրական կարծիքի վրա և կաշկանդում նրանց»։

Հատկանշական է, որ ադրբեջանական շրջանակներն իրենց առաջ քաշած քարոզչական պնդումներում շեշտում են, թե Հայաստանից հնչող հակաադրբեջանական հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել (խոսքն ընդդիմության դիրքորոշումների մասին է), քանի որ «դրանք Փաշինյանի վարչախմբի կարծիքի հետ ոչ մի աղերս չունեն»։ Ի դեպ, հատուկ նշվում է, որ հիմնականում հենց այդ կարծիքներն են վնասում Արցախի «ռեինտեգրմանն» ու, այսպես կոչված, «խաղաղության» գործընթացին:

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած տարվա դեկտեմբերի 12-ից սկսած շարունակվում է Արցախի շրջափակումը։ Բերձորի միջանցքի բացման համար Ադրբեջանը մի շարք պահանջներ է դրել, որոնք անընդունելի են Արցախի համար, քանի որ դրանով հիմք կարող է նախապատրաստվել Արցախի հայկական պետականության ոչնչացման համար։ Այս պայմաններում Հայաստանն էլ իր հերթին ընդհանրապես մի կողմ է քաշվել՝ պնդելով, թե Ադրբեջանի ու Արցախի միջև ուղիղ երկխոսություն պետք է տեղի ունենա։

Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ համաձայն են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի համաձայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ այդպիսով նաև Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն։ Ու Հայաստանի իշխանականներն իրենց գործելակերպը հիմնավորում են նրանով, որ Արցախը տալով՝ Հայաստանն են փրկում։ Անհեթեթ պատճառաբանություն է, բայց դա է: Ընդ որում, տևական ժամանակ Ադրբեջանն էր հրաժարվում Արցախի հետ երկխոսությունից՝ պահանջելով, որ, մասնավորաբար, Ռուբեն Վարդանյանը հեռանա պետնախարարի պաշտոնից։

Եվ Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելուց հետո ռուս խաղաղապահ զորակազմի շտաբում տեղի ունեցավ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Դրանից անմիջապես հետո ադրբեջանական կողմը սկսեց մեկնաբանել, թե երկխոսություն է սկսել «իրեն պատկանող» Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, իսկ ադրբեջանական մամուլում փորձեցին մեկնաբանել, թե իբր Ղարաբաղի հայերի ինտեգրացման գործընթացը սկսված է։ Բայց Արցախի նախագահի խոսնակը շտապեց առերևույթ կառուցողական գնահատել հանդիպումը և հավաստիացրեց, թե քննարկվել են միայն հումանիտար ու ենթակառուցվածքային նշանակություն ունեցող հարցեր։ Այնուամենայնիվ, օրեր անց պարզվեց, որ քաղաքական հարցեր ևս շոշափվել են։

Մասնավորաբար, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անվտանգության խորհրդի նիստում մանրամասներ ներկայացրեց այդ հանդիպումից, թե Ադրբեջանի բանագնացը փորձել է խոսել ինտեգրումից, սակայն Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը կանխել է այդ քննարկումը՝ հայտարարելով, որ ինքը լիազորված չէ քաղաքական հարցեր քննարկելու։ Ընդ որում, նիստի ժամանակ նախագահ Հարությունյանը փորձում էր այնպիսի տպավորություն ստեղծել, թե Արցախի ինքնորոշումն իրենց համար ընդհանրապես սակարկության առարկա չէ։ Բայց մյուս կողմից էլ տպավորություն է ստեղծվում, որ Արցախի իշխանության դիրքորոշումն ուղղակի առերևույթ է այդպես։ Այլապես Արցախի նախագահը չէր նշի, որ «եթե Արցախում կան մարդիկ, կան տրամադրություններ, որ պետք է ընդունել Ադրբեջանին ինտեգրվելու առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն»:

Ինչո՞ւ է նման հայտարարություն անում Արցախի նախագահը, եթե հանդես է գալիս ինքնորոշման իրավունքի անխոնջ պաշտպանության դիրքերից։ Մի՞թե պարզ չէ, որ Արցախի ինտեգրումն Ադրբեջանին նշանակում է Արցախի հայաթափում և ցեղասպանություն։ Արտաքուստ Արցախի գործող իշխանության՝ անկախության, ինքնորոշման ջատագովության հաստատմանն ուղղված այս տեքստի իմաստը բացարձակ անհասկանալի է: Ճիշտ է՝ բոլոր հասարակություններում էլ կարող են լինել կաշառվածներ կամ պարտվողականության կողմնակիցներ, բայց տվյալ պարագայում նրանք կդիտարկվեին որպես դավաճաններ ու հայրենիքի առաջ իրենց պարտքը չիրականացնելու դեպքում պատասխանատվության կենթարկվեին։

Իսկ Արայիկ Հարությունյանը փաստացի ասում է, որ Արցախում կարող են լինել նման տրամադրություններ, ավելին՝ իր հայտարարությամբ խրախուսում է բարձրաձայնել այդ մասին, ավելին՝ փորձել գալ իշխանության։ Սա այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել, քան Ադրբեջանի քարոզչական ջրաղացին ջուր լցնել։ Ի վերջո, ո՞ւմ նկատի ունի Արայիկ Հարությունյանը, ովքե՞ր են Արցախում կրում նման տրամադրություններ: Ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնվում: Եվ, ի վերջո, տվյալ դեպքում ո՞րն է Արցախի նախագահի մոտիվացիան։ Իսկ գուցե նա Հայաստանի գործող իշխանությունների գործելաոճով այդպիսով փորձում է աստիճանաբար հող նախապատրաստել ինտեգրացիայի օրակարգը զարգացնելու համա՞ր: Դա արդեն ժամանակը ցույց կտա։

«Հրապարակ» թերթը գրում է.

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին առաջադրված մեղադրանքները դեռեւս դատաքննության փուլում են, որը դանդաղ տեմպերով է ընթանում։ Հիշեցնենք, որ Թավադյանին 2 մեղադրանք կար առաջադրված, որոնք տարբեր դատավորների վարույթում էին։ Մի մեղադրանքն առաջադրվել էր այն բանի համար, որ «2019թ․ մայիսի 13-ին Երեւան քաղաքի Գյուլիքեխվյան 20 հասցեում գտնվող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում քննությամբ դեռեւս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը»։

Մեղադրանքներից մյուսի համաձայն՝ «Թավադյանը, հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի մտերիմ, 2008թ․ մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված, այդ թվում նաեւ նշված գործից Ռ․ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ անջատված ու Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործերով արդարադատության իրականացման, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019թ․ ամռանը նշված նպատակով Վարուժան Մկրտչյանի եւ Ռ․ Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել են կազմակերպված խումբ»։ Այս գործով տուժողը Վարդգես Գասպարին է, ում պլաստիկե շշով հարվածել են։

Հասարակական կարգը ենթադրաբար խախտելուն վերաբերող քրեական գործը դատարան է ուղարկվել 2019 թ․ սեպտեմբերի 20-ին եւ մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։ 2-րդ գործը դատարան է մտել 2020 թվականի մարտի 18-ին եւ մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին։ Արթուր Մկրտչյանին մակագրված գործով դատարանը 2020 թվականի ապրիլի 15-ին որոշում է կայացրել՝ այն ուղարկել դատավոր Կարեն Ֆարխոյանին, որպեսզի մյուս մեղադրանքի հետ միավորվի եւ քննվի նույն վարույթում, այսինքն՝ մեղադրանքները միացվել են մեկ վարույթի մեջ։ Սրանից անցել է 3 տարի, սակայն գործի քննությունն առաջ չի գնում։ Գործով վերջին դատական նիստը՝ արդեն Ֆարխոյանի նախագահությամբ, տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ մարտի 6-ին։
Մեզ հետ զրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դեռ դատական քննությունը շարունակվում է, առանձնապես ակտիվություն չկա, որը, ըստ Խուդոյանի, պայմանավորված է դատական համակարգի ծանրաբեռնվածությամբ։ «Դեռեւս գրավոր ապացույցներն ենք սկսում հետազոտել, չեմ կարող ասել, թե դատական պրոցեսը որքան կտեւի, դա կախված է նաեւ, վկաների փուլ հասնելուց հետո, այն բանից, թե ներկայանալո՞ւ են բոլորը, թե՞ ոչ, մի քանի ամիս դա կարող է տեւել, եթե ոչ ավելի»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նախնական դատական նիստի ժամանակ դատարանի մոտ պարբերաբար քաշքշուկ եւ վիճաբանություն էր տեղի ունենում, որովհետեւ դատարան էին գալիս ոչ միայն Քոչարյանի թիմակիցները, այլեւ իշխանությունը հատուկ աղմկողների էր ուղարկում, որ հանրային բողոքի տպավորություն թողնեն: Իրավիճակը հատկապես լարվեց, երբ պաստառով դատարան եկավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, եւ երկու խմբերի միջեւ բախում եղավ: