Ադրբեջանցիները կրակել են մեր համագյուղացի վրա։ Գնացել էր Գորայք՝ անասուններին սարերից իջեցնելու ընթացքում է դեպքը եղել։ Այս մասին այսօր MediaHub.am-ին պատմեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
«Սարերից անասուններին իջեցրել է, գնացել է, որ մեքենան առաջ բերի, խփել են, գլուխն է վնասվել։ Սիսիանի հոսպիտալում վիրահատել են, տեղափոխել են Երևան»,- ասաց նա։
Ղուլունցը փոխանցեց, որ Տեղ համայնքում այս պահին ամեն ինչ նորմալ է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։
Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
Լիաննա Թորոսյան