Ասում են՝ վարորդն է արագ վարել, արդեն սկսել են բողոքել․ Քարակերտի համայնքապետը՝  վթարի մասին

Ասում են՝ վարորդն է արագ վարել, արդեն սկսել են բողոքել․ Քարակերտի համայնքապետը՝  վթարի մասին

Երեկ Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացած չորս քաղաքացիներից երկուսը մի ընտանիքից էին՝ մայր ու որդի։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Քարակերտ համայնքի ղեկավար Մհեր Հարթենյանը։ 

Նրա խոսքով՝ 47-ամյա Սաթենիկ Դավթյանն ու նրա որդին՝ 15-ամյա Հրաչյա Մնացականյանը եղել են երթուղայինի մեջ։

«Ընտանիքի միակ որդիմն էր Հրաչյան, երկու քույր ուներ, ամուսնացել, գնացել էին։ Տղան էր մնացել ծնողների հետ»,- նշեց համայնքապետը։

Քարակերտից էր նաև վթարի հետևանքով մահացած 19-ամյա Նոյա Կարապետյանը։ Մյուս զոհը Հացիկ գյուղի բնակիչ է եղել։

«Հացիկից ևս մեկ բնակիչ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,- նշեց համայնքապետը։
Ըստ Հարթենյանի՝ վիրավորում ստացածներից հինգն էլ Դալարիկ համայնքից են եղել, նրանք էլ սալջարդեր ու պատռվածքներ ունեն։

«Այդ համայնքից մեկ հոգի էլ ծայրահեղ ծանր վիճակում է, տեղափոխվել է հիվանդանոց»,- նշեց համայնքապետը։
Զոհերի ու վիրավորների մասին այլ մանրամասներ Հարթենյանը չհայտնեց։

Ինչ վերաբերում է դեպքի հանգամանքներին, ապա համայնքապետը նշեց՝ բնակիչների խոսքից հասկացել է, որ վարորդն արագ է վարել, փորձել է վազանց անել ու հարվածել է սահմանված հատվածով շրջադարձ անել ցանկացող մեքենային։

«Հիմա, երբ դեպքը եղավ, նոր մարդիկ սկսեցին նշել, թե այդ վարորդն արագ էր վարում, միշտ էլ նման խնդիր եղել է»,- նշեց համայնքի ղեկավարը։

Նա տեղեկացրեց, որ այս պահին համայնքը սպասարկելու է մեկ մեքենա, թե ինչ վիճակում է այդ մեքենան, վարորդի հետ կապված դժգոգություններ ունե՞ն քաղաքացիները, թե ոչ, համայնքապետը չկարողացավ պատասխանել՝ նշելով, որ որևէ տեղեկություն չունի, անգամ չգիտի՝ ով է երթուղին սպասրկող ընկերության սեփականատերը։

Նարե Գնունի