Հրաժեշտ ընտրություններին. անձնիշխանությունը դառնում է իրականություն

Հրաժեշտ ընտրություններին. անձնիշխանությունը դառնում է իրականություն

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։

Հովակիմյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է` քանի որ համաձայն օրենսդրության՝ ԿԸՀ անդամները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ, դադարեցնում է իր անդամակցությունը իշխող կուսակցությանը:

Նա նաև Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել պատգամավորական մանդատից և հետևաբար Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարվելու դիմումները:
Հայաստանի երրորդ հանրապետության երեսուն տարիների ընթացքում դեռ չի եղել դեպք, երբ իշխող կուսակցության ղեկավար անդամը, երկրի ղեկավարի անմիջական շրջապատի ներկայացուցիչը դառնա ԿԸՀ նախագահ:

Այդպես չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, երբ դեռ չկային պետական, քաղաքական ավանդույթներ, այդպես չի եղել անգամ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, երբ, մեղմ ասած, անվստահություն է եղել ընտրությունների ինստիտուտի հանդեպ:

Բայց այդպիսի բան տեղի ունեցավ «հեղափոխական» Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին, երբ դեմոկրատիան, իբրև թե, բրենդ է:

Այս թեմայով շատ երկար ծավալվելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Կարճ կասեմ՝ հրաժեշտ ենք տալիս քիչ թե շատ նորմալ ընտրություններին, դեմոկրատիային՝ առհասարակ:

Անձնիշխանությունը դառնում է իրականություն:

Վահրամ Բագրատյան