Փաշինյան-Էրդողան հանդիպմանը քննարկվելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը

Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպումը։ Այս մասին գրում են թուրքական աղբյուրները՝ հիշեցնելով, որ թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի առաջնորդները հայտարարել են իրենց՝ հանդիպելու պատրաստակամության մասին։
Սա, ըստ էության, լինելու է երկու առաջնորդների առաջին հանդիպումը։ Փաստացի, Թուրքիայի նախագահն այս անգամ կընդունի Փաշինյանի առաջարկը։
Հիշեցնենք, ուղիղ մեկ տարի առաջ՝ 2021-ի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հանդիպման առաջարկ է արել, առաջարկն էլ իրեն փոխանցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ի դեպ, թուրքական աղբյուրը նաև բացահայտել է Էրդողան-Փաշինյան հանդիպման օրակարգը և ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը:
Թեև թուրքական կողմն արդեն հայտարարում է հանդիպման ժամկետների մասին, հայկական կողմը շարունակում է զգուշավորություն ցուցաբերել։
«Մենք ո՛չ հաստատում ենք թուրքական մամուլի հրապարակումները, ո՛չ՝ հերքում։ Ճիշտ ժամանակին հաղորդագրություն կտարածենք ու կտեղեկացնենք հանրությանը»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։ Նա նշեց, որ այս պահին այլ արձագանք չունեն։
Ըստ էության, այս դեպքում թուրքական աղբյուրների հայտարարությունները կարող ենք ընդունել որպես հիմք, հատկապես, որ չի եղել դեպք, երբ Թուրքիան կամ Ադրբեջանը հայտարարեն որևէ օրակարգի մասին, և մենք դրան ժխտող արձագանք ունեցած լինենք։
Նշենք նաև, որ Փաշինյանը Պրահա է մեկնելու՝ մասնակցելու հոկտեմբերի 6-7-ը նախատեսված ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Նարե Գնունի