Ո՞վ կփոխարինի Մխիթար Զաքարյանին

Ո՞վ կփոխարինի Մխիթար Զաքարյանին

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը։ Նա նշել է, որ շարունակելու է քաղաքական գործունեությունը «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում։

«Հայաստանն ու Արցախն այսօր լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած։ Արցախի անվտանգությանը, կարգավիճակին ու արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները բոլորիս են հայտնի։ Միաժամանակ, վտանգված է նաև Հայաստանի անվտանգությունը․ թշնամու զինված ուժերը շարունակում են մնալ մեր սուվերեն տարածքում։ Խնդիրները բազմաթիվ են՝ ուժի ուղղակի սպառնալիքից մինչև հումանիտար հարցերի քաղաքականացում։ Սրանք բոլորը հրատապ լուծման կարիք ունեն, բայց դրանք արդյունավետ ու վերջնականապես լուծելու համար մեզնից յուրաքանչյուրը պիտի իր տեղում լինի»,- գրել է նա։

Իսկ ո՞վ կփոխարինի Զաքարյանին։ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի հերթական թեկնածուն Գառնիկ Դանիելյանն է։

Վերջինս MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ նոր է տեղեկացել Մխիթար Զաքարյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին։

«Կուսակցության կազմում քննարկում կլինի, նոր կորոշեմ՝ վերցնե՞լ մանդատը, թե՝ ոչ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ հիմա շատ են քննարկումները, թե ընդդիմությունը խորհրդարանում անելիք չունի, ինքն ի՞նչ է մտածում այդ մասով, Դանիելյանը չպատասխանեց՝ նշելով, որ այս պահին հիվանդանոցում է, բայց և խոստանալով, բոլոր հարցերին պատասխանել, երբ պահը հարմար կլինի։
Նշենք, որ Գառնիկ Դանիելյանը դաշնակցական է:

Նարե Գնունի