Պատերա՞զմ, թե՞ շանտաժ

Պատերա՞զմ, թե՞ շանտաժ

Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար, Արտաշատում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սրան հետևում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, թե Հայաստանի զինված ուժերի «ինտենսիվ տեղաշարժ է նկատվում սահմանի տարբեր հատվածներում», և որում զգուշացնում է, թե «ռազմական սադրանքի ցանկացած փորձ կճնշվի ադրբեջանական բանակի կողմից»։

Իհարկե, Հայաստանի ՊՆ-ն հերքել է Բաքվի մտացածին պնդումները, սակայն այդ հանգամանքը հազիվ թե վերացնի լարվածությունը:

Պատահական չէ, որ Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի մշտական   ներկայացուցիչ Տիգրան Բալայանը գրել է. «Ալիևի ռեժիմը և նրա դաշնակիցները ցանկանում են հարձակվել Հայաստանի վրա՝ փորձելով խափանել հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի

Բլինքենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ»:

Ակնհայտորեն Բաքվի ագրեսիվ կեցվածքը պայմանավորված է հենց ապրիլի 5-ի եռակողմ հանդիպմամբ:

Արդյո՞ք Բաքուն իսկապես ուզում է խափանել այդ հանդիպումը, թե՞ ցանկանում է դառնալ դրա «անուղղակի» մասնակիցը՝ թուլացնելով Արևմուտքի հնարավոր աջակցությունը Հայաստանին:

Հակված ենք երկրորդ վարկածին, մանավանդ, որ Բաքվի ճնշումն արդեն ստիպել է Վաշինգտոնին ու Բրյուսելին՝ խոսել հանդիպման բացառապես տնտեսական օրակարգի մասին: Հիմա էլ, նույն կենտրոնները կարող են ձեռնպահ մնալ Հայաստանին ուժեղ աջակցությունից՝ Բաքվին չգրգռելու մոտիվով:

Վահրամ Բագրատյան