Ամեն ինչ չէ, որ ձեր պես վաճառվում է. ո՞ւմ նկատի ունի նախկին նախարարը
Արցախի Առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը շարունակում է ակտիվ գրառումներ կատարել Facebook-ում: Հիշեցնենք, օրերս նա բացահայտ քննադատել էր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին:
Այսօրվա գրառման հերոսը, ենթադրաբար, նույնպես Վարդանյանն ու իր թիմն են.
«Արցախը թունավորած ու արցախցիների մեջ նյութապաշտությունը սրսկած ոհմակը արշավ է սկսել իմ դեմ, հանրության շրջանում լուրեր տարածելով, թե իբր ես բնակարան եմ ստացել պետությունից, իսկ մերօրյա պայքարը պաշտոնի համար է:
Պարզաբանեմ՝ պաշտպանության բանակում երկարամյա ծառայության հիմքով 2020թ. անցել եմ կենսաթոշակի և դրանից հետո, մինչ օրս բնակվում եմ վարձու բնակարանում, վարձը վճարում եմ անձամբ՝ վաղուց լինելով բնակարանային հերթում:
2020թ. առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնել եմ ոչ թե իմ պահանջով կամ ցանկությամբ, այլ, հայտարարում եմ, Նախագահի խնդրանքով, չեմ տրվել զգացմունքներին և համաձայնվել եմ, գիտակցելով, որ այդ փուլում պետք է փորձել փրկել Արցախը և ամեն մարդ պետք է առավելագույնս օգտագործի իր ներուժը:
Հիմա ևս պայքարում եմ հանուն Արցախի, հանուն իմ տան և մեր մեծ ընտանիքի, դրա դիմաց ոչինչ չեմ ակնկալում, պաշտոն չեմ ուզում: Քաղաքական առևտրականները պետք է հասկանան, որ այս կյանքում ամեն ինչ չէ, որ իրենց պես վաճառվում է»,- գրել է նախկին նախարարը: